Իրանը զգուշացնում է Բաքվին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում փոխելով չեզոքությունը

29-06-2017 17:30

Իրանը սկսել է հայտարարությունների մակարդակով զգուշացնել Ադրբեջանին թե՛ Արցախյան հակամարտության սրման և թե՛ հակաիրանական դիրքորոշում ունեցող պետությունների հետ գործակցության կապակցությամբ: Բաքվի բռնապետի վարչակարգը Իսրայելի հետ համագործակցությամբ մոտենում է այն կարմիր գծին, որից այն կողմ Իրանի վրդովմունքը զսպելը շատ դժվար կլինի՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի վերջին հայտարարության մասին: Իրանի խորհրդարանի խոսնակը Սեուլում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ընթացքում խիստ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ զգուշացնելով, թե Իսրայելի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը բացասական հետևանքներ է ունենալու: «Խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև պիտի լուծվեն առանց արտաքին միջամտության»,- ավելացրել է Ալի Լարիջանին: – Պարոն Ոսկանյան, ինչո՞վ եք բացատրում Իրանի այս կտրուկ արձագանքը Իսրայելի հանդեպ՝ կապված Ղարաբաղյան հարցի հետ: – Կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները Իսրայելի հետ համագործակցությամբ մոտենում են այն կարմիր գծին, որից այն կողմ Իրանի վրդովմունքը և Իրանի գործողությունները զսպելը չափազանց դժվար կլինեն, որովհետև թե՛ 2016թ. դեկտեմբերին Իսրայելի վարչապետի այցը Բաքու, թե՛ այս տարվա ընթացքում զանազան հանդիպումները Ադրբեջանի և Իսրայելի միջև, իսրայելցի փորձագետների, նախկին դիվանագետների հայտարարությունները առ այն, որ Իսրայելը պատրաստվում է ամենաարդիական սպառազինությունը տրամադրել Բաքվի բռնապետի վարչակարգին, լրջորեն անհանգստացրել են նաև Իրանին: Նշված սպառազինությունը կամ ադրբեջանա-իսրայելական գործակցությունը այլ ոլորտներում շատ դեպքերում ուղղված են Իրանի դեմ: Միևնույն սպառազինությունը, որը կարող է կիրառվել Արցախյան հակամարտության գոտում, նույն հաջողությամբ գործածվում է Իրանի դեմ, հետևաբար իրանցիները խիստ անհանգստացած են այս փաստով և ձեռնարկում են քայլեր նաև դիվանագիտական հարթության մեջ՝ զանազան հայտարարությունների տեսքով: Բացի այդ, կա մի կարևոր հանգմանք՝ Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում միտված է նաև սահմանափակելու կամ լիովին դուրս մղելու իրանցիներին այս տարածքից, իսկ մենք գիտենք, որ Իրանը Ադրբեջանի ներսում ունի համակիրների հսկայական բանակ: Խոսքը շիա հավատացյալների մասին է, որոնց նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են: Բոլորովին վերջերս Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան դիմաց ցույց անելու պատրվակով ձերբակալվեցին մի քանի տասնյակ շիա հավատացյալներ: Եթե նայենք Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը, ապա դրանց մեծամասնությունը կազմում են հենց իրանամետ շիաները, ինչը ցուցիչ է առ այն, որ իրանցիները նաև զգալի ներկայություն ունեն այս պետության ներսում: Հետևաբար ադրբեջանական վարքագծի նման աննորմալ շարունակության դեպքում իրանցիներն ունեն բոլոր լծակները՝ թե՛ սահմանափակելու Ադրբեջանի մանևրի դաշտը իսլամական երկրների շրջանակում, թե՛ նաև ազդելու Ադրբեջանի ներքին իրավիճակի կամ ներքին զարգացումների վրա՝ օգտագործելով իրենց ազդեցության տարբեր խողովակները: https://gyazo.com/bb664084fdb671cad9fd6bf649a62c9b – Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներն ըստ էության ցույց տվեցին, որ կարծես փորձ է արվում սրելու ընդհանուր իրավիճակը Իրանի շուրջ, ապակայունացնելու քաղաքական իրադրությունը այդ երկրի ներսում: Կարծում եք՝ ռազմական լարվածության աճը Արցախյան գոտում և Իսրայելի բացասական դերակատարումը այս հարցում՝ Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելու տեսքով, հենց այս համատեքստո՞ւմ են: – Միգուցե երկու գործընթացները միմյանց հետ կապված չեն, բայց այդ գործընթացներն ազդում են մեկը մյուսի վրա, այսինքն՝ ակնհայտ է, որ փորձ է կատարվում ձևավորել Իրանի շուրջ հակաիրանական երկրների օղակ, շղթա, և այդ շղթայում, բնականաբար, առաջատար դերակատարություն է ուզում ստանձնել Սաուդյան Արաբիան: Ադրբեջանի պարագայում՝ այս երկրի վարչակարգը, որն ակնհայտորեն հակաժողովրդավարական և բռնապետական է, գործակցում է գրեթե բոլոր հակաիրանական ուժերի հետ: Մի կողմից՝ Բաքվի բռնապետը ներկա է լինում Էր-Ռիադում անցկացված հակաիրանական հանդիպմանը, մյուս կողմից՝ խորացնում է գործակցությունը Իրանի մեկ այլ տարածաշրջանային հակառակորդի՝ Իսրայելի հետ, ընդ որում՝ այդ գործակցությունն առնչվում է բազմաթիվ ոլորտների՝ ներառելով նաև անվտանգության ոլորտը, իսկ սա զգալի խնդիրներ կարող է հարուցել Ադրբեջան-Իրան հարաբերությունների համատեքստում: Արցախյան հակամարտության գոտում պարբերաբար սրացումներ ստեղծելով՝ Բաքվի բռնապետի վարչակարգը լրացուցիչ լարվածություն է առաջ բերում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, արցախա-ադրբեջանական շփման գծում, այլև ապակայունացնում իրավիճակը Իրանի հյուսիսային սահմաններին, ինչը նույնպես չի կարող չանհանգստացնել այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Հետևաբար Ադրբեջանի գործելաոճը տեղավորվում է հակաիրանական մի քանի կոալիցիաներում լուրջ մասնակցությամբ, եթե կարելի է այդպես արտահայտվել: Այս առումով, եթե հաշվի առնենք վերջին երկու հայտարարությունները Իրանի կողմից, այսինքն՝ Իրանի արտգործնախարարության խոսնակի և Իրանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները, ապա իրանցիներն արդեն հռետորաբանության մակարդակով զգուշացումներ են ուղղում դեպի Բաքվում որոշում կայացնողները: – Եթե ասում ենք, որ ադրբեջանա-իսրայելական ռազմական համագործակցությունը գոնե Իսրայելի համար գործիք է Իրանի դեմ, այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում Իրանի խիստ չեզոք կեցվածքը 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Չէ՞ որ նույն Իսրայելը իր զենքի մատակարարումներով փաստորեն լուրջ ներդրում է ունեցել այդ պատերազմի հրահրման մեջ: – Կա մի կարևոր հանգամանք՝ մենք պետք է իրանական գործելաոճի, այսպես ասած, երևացող մասի չեզոքությունը համեմատենք այն իրական քայլերի հետ, որոնք Իրանը իրականացնում է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Փաստացի առաջին անգամ հայ-իրանական հարաբերությունների պատմության մեջ և հենց ապրիլյան պատերազմից ու պաշտպանության նոր նախարարի՝ Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո Հայաստանը և Իրանը լուրջ հայտ ներկայացրին նաև ռազմաարդյունաբերական ոլորտում գործակցությունը խորացնելու առումով: ՀՀ պաշտպանության նախարարի այցը Թեհրան աննախադեպ էր այս տեսանկյունից, ինչը ցույց է տալիս, որ իրանցիները, շատ դեպքերում հռետորաբանության մեջ պահպանելով չեզոք շեշտադրումներ (բայց այդ չեզոքությունն արդեն իսկ խախտվում է հօգուտ Հայաստանի, եթե նկատի առնենք վերջին երկու հայտարարությունները), իրական գործունեության դաշտում ակնհայտորեն ձգտում են սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Հաշվի առնելով այն գաղափարական հենքը, որի վրա հիմնված է Իսլամական հանրապետությունը, իրանցիները շատ դեպքերում չեն կարող ուղղակի կոշտ հայտարարություններով հանդես գալ մի պետության նկատմամբ, որի բնակչության մեծամասնությունը ևս բաղկացած է շիաներից: Բայց կարծում եմ՝ եթե ադրբեջանցիները, ինչպես ասում են, անցնեն չափերը, դա էլ զսպաշապիկ չի հանդիսանա Իրանի համար: – Հետևաբար կարո՞ղ ենք Իրանի այս ուղերձները ինչ-որ առումով համարել նախազգուշացում Ադրբեջանին. նկատի ունեմ թե՛ Իրանի պաշտպանության նախարարի, թե՛ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթի հայտարարությունները Վիգեն Սարգսյանի այցի ընթացքում և թե՛ այս հայտարարությունը Իրանի խորհրդարանի խոսնակի կողմից: – Միանշանակորեն դրանք զգուշացումներ են: Իրանցիներն ունեն մի կարևոր գործելաոճ՝ նրանք երբեք չեն գնում չափազանց կտրուկ գործողությունների և աշխատում են խնդիրները կարգավորել երկարաժամկետ կտրվածքով, շատ հանգիստ գործելաոճով: Այս առումով ակնհայտ է, որ իրանցիները հստակորեն գիտակցում են, որ Ադրբեջանի հանրապետություն կոչվող կազմավորումը, ըստ էության, վտանգ է Իրանի անվտանգության տեսանկյունից: Վտանգ է, որովհետև այս պետությունը ունի հակաիրանական բնույթ: Վտանգ է, որովհետև այս երկիրը գործակցում է Իրանի հանդեպ թշնամական դիրքորոշում որդեգրած պետությունների հետ, և վտանգ է, որովհետև այդ երկրի տարածքն օգտագործվում է հակաիրանական գործողություններ ծրագրելու և իրականացնելու նպատակով: Հետևաբար իրանցիները իրենց ունեցած բոլոր լծակներով փորձելու են զսպել Ադրբեջանի նման վարքագիծը, ընդ որում՝ այդ զսպման գործողությունը իրականացվելու է բավական երկարաժամկետ հատույթում՝ ի գործ դնելով առկա բոլոր լծակները: Այսպես ասեմ՝ իրանցիները փորձում են նաև դիվանագիտական մակարդակում որդեգրած չեզոք դիրքորոշմամբ ժամանակ շահել Ադրբեջանի ներսում, որպեսզի ավելանա իրանամետ բնակչության հատվածի «կրիտիկական զանգվածը», և դրանից հետո է, որ իրանցիները կարող են գնալ ավելի լուրջ գործողությունների:

1in.am
29-06-2017 17:30