Վրաստանի ազատ տնտեսական գոտու միջոցով հայ գործարարները կկարողանան մտնել ԵՄ շուկաներ

29-06-2017 17:38

Հայ-վրացական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստանի և Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին նշեց, որ հուշագիրը նպատակ ունի աջակցել երկու երկրների ընկերությունների համագործակցությանը: «Գործարար համաժողովին նախատեսվում են մոտ 300 երկկողմ հանդիպումներ: Հույս ունեմ, որ դրանք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցությանը և օրվա վերջում կունենանք արդյունավետ համաձայնություններ»,- ասաց նա` մաղթելով հաջողակ աշխատանքային օր: Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն ակնհայտ համարեց այն հանգամանքը, որ Վրաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը հանդիսանում է կարևոր խնդիր երկու երկրների ազգային տնտեսությունների առաջխաղացման համար: Նրա խոսքով` երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները փոքր չեն, սակայն կան չօգտագործվող և հեռանկարային մի շարք ուղղություններում համագործակցության հնարավորություններ: Սարգսյանը մեջբերեց երկու երկրների առևտրաշրջանառությունը վերաբերող վիճակագրական տվյալներ: Ըստ նրա` 2016 թվականին Հայաստանից Վրաստան է արտահանվել 148 մլն, իսկ ներմուծվել է 104 մլն դոլարին համարժեք ապրանք: 2015 թվականի համեմատ արտահանման ցուցանիշն աճել է 18 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 37 տոկոսով: Այնուամենայնիվ, մեր երկրի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Վրաստանին բաժին է ընկնում ընդամենը 5 տոկոսը: «Այս առումով հատկապես կարևորում ենք Վրաստանի և Սյունիքի ազատ տնտեսական գոտիները: Վրացի գործարաները հնարավորություն կունենան Սյունիքում ներդրումներ կատարելու, կամ համատեղ ձեռնարկություններ բացելու շնորհիվ ապրանքատեսակները վաճառել ԵԱՏՄ-ի և Իրանի շուկաներում: Ինչպես նաև հակառակը` Վրաստանի ազատ տնտեսական գոտու միջոցով հայ գործարարները կկարողանան մտնել ԵՄ շուկաներ»,- ասաց նա:

1in.am
29-06-2017 17:38