ԵՄ-ի երկրները միասնական դիրքորոշմամբ հանդես կգան G20-ի գագաթնաժողովում. Մերկել

29-06-2017 17:59

Եվրոպայի երկրները մտադիր են G20-ի՝ հաջորդ շաբաթ Համբուրգում կայանալիք գագաթնաժողովում միասնական դիրքորոշմամբ հանդես գալ հանգուցային թեմաների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոպական երկրների ղեկավարների հետ G20-ի հանդիպման նախաշեմին կայացած հանդիպումից հետո: «Մենք՝ «քսանյակի» եվրոպական մասնակիցներս, տրամադրված ենք մնացած երկրների հետ միասին ավանդ ներդնել այն բանում, ինչը կօգնի համաձայնեցված ազդանշան ուղարկել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ»,-ասել է նա: ԳՖՀ-ի կանցլերն ընդսմին հիշեցրել է, որ կլիմայի փոփոխության հարցի շուրջ տարաձայնություններ կան ԱՄՆ-ի հետ: «Բայց այդ հարցը մենք, այնուամենայնիվ, քննարկելու ենք»,-նշել է նա: «Մենք բոլորս այսօր հավաստեցինք մեր հանձնառությունը Փարիզի համաձայնագրի իրագործման հարցում: Դա նաեւ ազդանշան է բոլոր զարգացող երկրներին»,-ընդգծել է ԳՖՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am
29-06-2017 17:59