Ֆիրդուս թաղամասի բնակիչներին Սերժ Սարգսյանի տված խոստումը չի կատարվել

Երևանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուս) բնակիչները դժգոհ են Սերժ Սարգսյանի խոստման կատարումից: Lragir.am-ի ունեցած տեղեկություններով՝ չի բացառվում, որ առաջիկայում ֆիրդուսցիները նորից բողոքի ակցիա կանեն Սերժ Սարգսյանի կառավարական տան մոտ: Հունիսի 5-ին այստեղ ակցիա անող բնակիչներին Սերժ Սարգսյանը խոստացել էր երկու օրվա ընթացքում լուծել նրանց բնակարանային խնդիրը: Այնուհետև տեղեկություն եղավ, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականով նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն է հանդիպել Ֆիրդուսի նախկին բնակիչների հետ: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Հովհաննես Հովսեփյանը բնակիչներին խոստացել էր մեկ ամսվա ընթացքում լուծում տալ խնդրին: Խնդիրն այն է, որ մեկ ամիսն արդեն լրանում է, իսկ լուծման հարցում տեղաշարժ չկա: Բնակիչները երկու անգամ արդեն գնացել են Հովհաննես Հովսեփյանի մոտ, բայց ոչ մի լուծում: «Ուղղակի ջուր ծեծոցի է»,- հայտնեց մեր աղբյուրը: Հիշեցնենք, որ Ֆիրդուս թաղամասի բնակիչների մի մասն անօթևան է մոտ 10 տարի: Նրանց տները քանդել էին խոստումով, որ նույն թաղամասում Գլենդել Հիլզ ընկերության հետ կապվող Սիթի Սենտր Դիվելոփմենթ ընկերությունը պետք է երկու բազմաբնակարան շենք կառուցեր ու հատկացներ մարդկանց, բայց 10 տարի անց միայն այդ շենքերի հիմքերն են փորված: Նախորդ տարիներին կառավարությունը բնակիչների մի մասին հատկացրել է գումարային փոխհատուցում, մյուս մասին տարբեր թաղամասերում տներ են տրվել:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
29-06-2017 18:17