Տաքսիստները պահանջում են «համաներում» կամ նախարարին ուղարկել «վաստակած հանգստի»

29-06-2017 19:05

Մի խումբ անհատ տաքսիստներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց: Նրանց ակցիաներն այսուհետ պարբերական բնույթ են կրելու, քանի դեռ, նրանց խոսքերով՝ տրանսպորտի խաբեբա նախարարը լուծում չի տվել իրենց խնդրին: Հիշեցնենք, որ մի քանի հարյուր անհատ տաքսիստներ վերջերս պարզել են, որ իրենք մի քանի հարյուր հազարի չվճարած տուգանքներ ունեն, որը առաջացել է  լիցենզիայի համար նախատեսված ամսական վճարումներին: Տուգանքների արդյունքում շատերի հաշիվներն առնվել են կալանքի տակ, մի մասի գործերն արդեն դատարանում են: Տաքսիստները նամակով նախարարից խնդրել էին խնդրին լուծում տալ: Նախարարն էլ խոստացել էր Ազգային ժողովում հարցը բարձրացնել և տուգանքների համաներման ճանապարհով լուծում տալ խնդրին, սակայն խոստումն այդպես էլ իրականություն չէր դարձել: Տաքսիստների տուգանքները կուտակվել են այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ եթե 3 ամիս սահմանված լիցենզիայի համար չեն վճարում, այն կասեցվում է: Տաքսիստներն էլ որոշել են հրաժարվել այդ լիցենզիաից, քանի որ դաշտում անհավասար պայմաններ են: Մի մասն ամեն ամիս պարտաճանաչ վճարում է գումարը, լիցենզիա հանում և նոր է վարում, իսկ  մի մասն առանց որեւէ լիցենզիայի, վճարման, կանոնի գումար է աշխատում: «Էդպիսի կարգ կար, որ եթե 3 ամիս չես վճարում, լիցենզիան կասեցվում է: Ես էլ սեպտեմբերից առանց վճարելու հետ տվեցի լիցենզիան, իսկ փետրվար-մարտ ամսից ստացա դատարանի ծանուցումը: Եթե 3 ամիս հետո օրենքով լիցենզիան դադարեցվում էր, ինչու են իրենք այդքան ամիս սպասել, այդքան տուգանք է կուտակվել և դատի են տվել ինձ: Ինչու են 1 տարի 4 ամիս սպասել և նոր ինձ ծանուցում ուղարկել: Հիմա ես 250 հազարի կարգի տուգանք ունեմ: Հունիսի 7-ին եղավ դատարանի որոշումը, և դատարանը պարտադրել է վճարել այդ 250 հազար դրամը: Հուլիսի 7-ին պետք է վճարել, այլապես հարդակիր ծառայությունը կանցնի գործի: Բայց ես չունեմ այդ գումարը և հետո պատրաստվում եմ վերաքննիչ դիմել, որ գոնե ժամանակ շահեմ: Սա է խնդիրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց անհատ տաքսիստ Ալիկը: Նշենք, որ կան տաքսիստներ, ովքեր իրենք են դատի տվել նախարարությանը իրենց ժամանակին չիրազեկելու և անհարկի տուգանքներ  սահմանելու համար: «Իրենք դաշտը չեն կարողանում կառավարել: Մենք էլ տեսնելով որ բոլորն առանց լիցենզիա են վարում, մենք էլ հրաժարվեցինք դրանից, ու փաստացի հայտնվեցինք այս իրավիճակում: Բոլորիս քցեցին հարկադիրի տակ»,- ասաց տաքսիստներից մեկը՝ հավելելով, որ չեն պատրաստվում վճարել այդ գումարները, քանի որ, եթե այդքան գումար ունենային էլ՝ տաքսի չէին վարի: «Պետք է գնանք բանկից վարկ վերցնենք, որ տանենք այդ գումարները վճարենք: Բա մեր ընտանիքները ով պահի: Հերիք չի այս վիճակում ենք, մի հատ էլ մեզ դատի են տալիս ու կանգնեցնում տուպիկի առաջ»,- ասաց մեր զրուցակիցը: Մեկ ուրիշն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 400 հազարի պարտք ունի և չի պատրաստվում հենց այնպես վճարել այդ պարտքը: Դատական քաշքշուկի մեջ է և գնալու է մինչև վերջ՝ ապացուցելու, որ նախարարությունը դիտավորություն է դրսևորել՝ իրենց չիրազեկելով, որ տուգանք  է կուտակվում: «Բա սա երկիր ա, կառավարություն ա, մենակ մտածում են որտեղից քերեն, ումից քցեն: Մի հատ պետական մտածողության տեր մարդ չկա: Որ նախարարը հասել է բերդի կլյուչնիկի մակարդակի և նախարարությունը ու իրեն շրջապատել է  բերդի աշխատողներով, էլ ինչ ասես: Ոլորտից բացարձակ գլուխ չի հանում: Չի կարողանում, թող գնա թոշակի, հո կրակը չենք ընկել»,- ասաց մեկ այլ տաքսիստ: Նրանց խոսքերով՝ տրանսպորտի և կապի նախարարը քրեակատարողական հիմնարկներից մեկի նախկին պետի տեղակալին նշանակել է  վերահսկողական ծառայության ղեկավար, որն էլ «բերդի կանոններով դրել ու անխնա տուգանում է տաքսիստներին»: Տաքսիստներն այսօր հանդիպում էին պահանջում ոլորտի պատասխանատուների հետ, սակայն ապարդյուն: Տաքսիստների բողոքի ակցիաները շարունակական են լինելու: Առաջիկայում նրանք բողոքի ավտոերթ են իրականացնելու։

1in.am
29-06-2017 19:05