Հայաստանը և Վրաստանը կընդլայնեն համագործակցությունը տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում

29-06-2017 19:25

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 29-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիային։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, բարձր գնահատելով երկու երկրների միջև համագործակցության ամուր հիմքերը՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ գործընկերային հարաբերություններ են ձևավորված։ Նախարարն ընդգծել է, որ տնտեսության զարգացմանն ուղղված կարևորագույն՝ տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում առաջիկայում երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի։ Անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկել է քայլեր ձեռնարկել այս ոլորտում երկու երկրների միջև համատեղ իրականացվող ծրագրերն ընդլայնելու և զարգացնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լարսի ավտոճանապարհին, բեռնափոխադրումներին և ուղևորափոխադրումներին առնչվող մի շարք խնդիրների։ Քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր։

1in.am
29-06-2017 19:25