G 20-ում պատրաստվում են Էրդողանի ու Պուտինի մասնակցությամբ սկանդալին

Հուլիսի 7-8-ին Գերմանիայում կայանալու է G-20-ի վեհաժողովը, եւ Անգելա Մերկելն արդեն ասել է, որ այն բարդ է լինելու: Ճիշտ է, դա կապված է կլիմայական համաձայնագրի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման հետ, սակայն գերմանացի փորձագետները նշում են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցության հետ կապված բարդությունների մասին: Երկու դեպքում էլ սպասվում են սկանդալներ: Էրդողանին արգելել են Գերմանիա բերել իր թիկնապահներին, որոնք մայիսի 16-ին Վաշինգտոնում ծեծել են հայ եւ քուրդ խաղաղ ցուցարարներին: ԱՄՆ-ն միջազգային հետախուզում է հայտարարել միջադեպի մասնակիցների նկատմամբ, եւ Գերմանիան զգուշացրել է, որ կձերբակալի, եթե մուտք գործեն երկիր: Բացի այդ, Անգելա Մերկելի գլխավոր մրցակից Մարտին Շուլցը կոչ է արել Էրդողանին չհրավիրել Գերմանիա, քանի դեռ նա բանտարկում է ընդդիմադիրներին: Ավելի վաղ Էրդողանին Գերմանիայում արգելել էին հանդիպել թուրքական համայնքի ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել մահապատժի արգելքը չեղյալ անելու հնարավորությունը: Գերմանիայի քրդերը նույնպես անակնկալներ են նախապատրաստում, եւ հավանաբար հնարավոր չի լինի խուսափել հակագլոբալիստների հանրահավաքներին միացած քրդերի հետ բախումից: Ավելի վաղ Գերմանիան բացել էր Հայոց ցեղասպանությանն առնչվող արխիվները: Գիրք է հրապարակվել, որում գրված է, որ Թուրքիայի ղեկավարությունը դիտավորյալ կոտորել է հայերին ու նրանց սեփականությունը ոչնչացրել: Գերմանիան նաեւ սկսել է դուրս բերել իր զինվորականներին Թուրքիայի Ինջիրլիք բազայից: Սկանդալներ են սպասվում նաեւ Պուտինի հետ: Դոնալդ Թրամփն այդես էլ չի հաստատել Պուտինի հետ առանձին հանդիպելու մտադրությունը՝ չնայած խոսվում էր, որ վեհաժողովի շրջանակում հանդիպում կլինի: Վերլուծաբանները ենթադրում են, որ Թրամփը ցուցադրաբար անտեսելու է Ռուսաստանի նախագահին: Նախկինում այդպիսի բան արդեն եղել՝ Բարաք Օբաման Ռուսաստանում մասնակցել է G-20-ի վեհաժողովին, սակայն անհրաժեշտ չի համար զրուցել Պուտինի հետ՝ ընդամենը բարեւելով նրան: Ավստրալիայում անցկացված G-20-ի վեհաժողովին Պուտինին միայնակ էին թողել ընթրիքի սեղանին, եւ նա վաղաժամ լքել էր այն: Պուտինը վերջերս Փարիզում էր, որտեղ Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնը խիստ տհաճությամբ է արտահայտվել Պուտինի քարոզիչների հասցեին, որին Ռուսաստանի նախագահը չի պատասխանել: Պուտինից հետո Մակրոնը Փարիզում ընդունել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին, Ռուսաստանին ագրեսոր անվանել, իսկ ռուսական լրատվամիջոցները չեն անդրադարձել Մակրոնի եւ Պորոշենկոյի հանդիպմանը: 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
29-06-2017 19:37