Հանճարներ ունենք՝ աշխարհը չունի. Հայ մեկնաբանների հերթական ֆուրորը

29-06-2017 20:00

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպման հեռուստահեռարձակմանը բախտ չէր վիճակվել հետևելու: Դիտելով խաղի հիշարժան դրվագներից կազմված մոտ 6 րոպեանոց տեսանյութը՝ հասկացանք, որ «մեծ բան ենք կորցրել» մրցավեճին մարզադաշտից հետևելով: Այդ 6 րոպեների ընթացքում համոզվեցինք, որ հեռուստահեռարձակման ժամանակ «ֆուտբոլի խոշոր մասնագետ» մեկնաբանների կատարմամբ հերթական ֆուրորն է եղել, որին ականատես են դարձել Հայաստանի և Սփյուռքի միլիոնավոր հեռուստադիտողներ: Ներկայացված տեսանյութում ուշադրություն դարձնենք «Ալաշկերտի» գոլային գրոհին: «Մերոնք անցնում են հարձակման: Վահագն Մինասյան, տրիբունաներն ակտիվանում են, պետք է աջակցել մեր տղաներին: Դաշյան, փոխանցում, հարված գոոոոոոոոոոոլ: Բացում է հանդիպման հաշիվը Արտակ Դաշյանը»,- ոգևորությամբ ուղիղ եթերում ասում են մեր մեկնաբանները: Անհասկանալի է, սակայն, մի բան. եթե Դաշյանը փոխանցում է կատարում, ինչպե՞ս է նույն Դաշյանը բացում հաշիվը: Դիտելով տեսանյութը՝ ուղղակի ծիծաղելի ու ամոթալի է, երբ ֆուտբոլին հետևող մեկնաբանը հավանաբար տեղյակ չլինելով, թե գոլի հեղինակն ով է, գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստին ներկայացնում է որպես գոլի հեղինակ: Հասկանալի է, որ «Ալաշկերտի» խփած գոլից մեկնաբանները անչափ շատ էին ոգևորվել և «գոոոոոոլ» գոռալով շփոթել ֆուտբոլիստներին, ֆուտբոլիստների անունները: Այդ դեպքում շատ ավելի ողջունելի կլինի, որպեսզի շփոթելու և շփոթվելու խնդիր ունեցող մեկնաբանները չմեկնաբանեն ֆուտբոլ, այլ հանդիպմանը հետևեն որպես երկրպագու և «Ալաշկերտի» գոլի ժամանակ մարզադաշում լիաթոք գոռան «գոոոոոոոոոոլ»: Երբ մեկնաբանները ի վերջո հասկացան, որ գոլը խփել է ոչ թե Արտակ Դաշյանը, այլ Ուրոշ Նենադովիչը, գոլային պատկերը ևս մեկ անգամ ներկայացրին: Երկրորդ փորձի ժամանակ, սակայն, մեկնաբաններից մեկը, դիտելով կրկնապատկերը, ասաց. «Հանճարեղ հարված»: Տասնամյակներ շարունակ հետևելով ֆուտբոլային հեռարձակումների՝ մեկնաբանների կողմից լսել էինք «գեղեցիկ հարված», «ուժեղ հարված», «տպավորիչ հարված», «շեշտակի հարված», նույնիսկ «ֆանտաստիկ հարված» արտահայտությունները. «Հանճարեղ հարվածը» արտահայտությունը նորամուծություն էր: Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք «հանճարեղ հարված» արտահայտության մասին, այն գրեցինք Google որոնողական կայքում: «Հանճարեղ հարված» արտահայտությունը համացանցում թիվ մեկ որոնողական կայքն այդպես էլ չգտավ: Google-ը չգտավ նաև ռուսերեն гениальный удар արտահայտությունը: Մեկնաբանական համաշխարհային ասպաերզում «հանճարեղ հարվածը» ըստ երևույթին առաջին անգամ օգտագործվեց Հայաստանում՝ հայ «հանճարների» կողմից, «Ալաշկերտի» հանդիպման ժամանակ, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Նման մակարդակի հանդիպումներում հանճարեղ կատարումներ ուղղակի չեն կարող լինել: Հանճարեղ գլուխգործոցների հեղինակները իրենք հանճարներն են, իսկ համաշխարհային ֆուտբոլի պատմության ընթացքում հանճարեղ կարելի է անվանել մի քանի ֆուտբոլիստների: Ինչ խոսք Ուրոշ Նենադովիչը տվյալ դրվագում հմտորեն գրավեց դարպասը, բայց ոչ ավելին: Ամեն դեպքում տեղի ունեցած հեռուստատեսային խեղկատակության մեջ մեղադրել «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպումը վարած սկսնակ մեկնաբաններին՝ ամենևեին ճիշտ չի լինի: Նրանք մեկնաբանում են այնպես, ինչպես կարող են: Երկրի թիվ մեկ հեռուստաալիքով նման խոտանների համար առաջին հերթին պատասխանատու են հեռուստաընկերության ղեկավարները: Եթե երիտասարդ մեկնաբանների մեկնաբանությունների որակը հեռու է բավարար լինելուց, նրանց թույլ մի տվեք վարելու հանդիպումներ, որոնք դիտում են միլիոնավոր մարդիկ: Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն ձեր, այլև պետության դեմքն է, որը չի կարելի գիտակցաբար աղավաղել:

1in.am
29-06-2017 20:00