Ձախողված դիվանագիտություն, որն արժեցավ տասնյակ հայորդիների կյանքեր

30-06-2017 13:41

Հայաստանի դիվանագետների աշխատանքի արդյունավետությունն ապացուցում են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումների արդյունքները։ Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ունեցած ելույթում։ Առնվազն տարօրինակ ինքնագնահատական է՝ նմանվող զավեշտի: Նախ՝ բովանդակային առումով Վիեննայում չի եղել մի բան, որը հնարավոր լինի ներկայացնել որպես դիվանագիտական ձեռքբերում, իսկ Սանկտ Պետերբուրգում նույնիսկ փորձ է արվել սրբագրել այն դրականը, որն արձանագրվել է Ավստրիայի մայրաքաղաքում: Բայց եթե նույնիսկ Վիեննայում բեկումնային իրադարձություն է եղել, ապա դա հետևանք է ոչ թե մեր դիվանագետների պրոֆեսիոնալիզմի ու աշխատանքի, այլ քառօրյա պատերազմի, այլ խոսքով՝ հայ զինվորի անձնվիրության: Այ, մեր դիվանագիտության աշխատանքը կարելի էր դրական գնահատել, եթե կյանքի կոչված լինեին Վիեննայի համաձայնությունները, և հայ-ադրբեջանական սահմանին կայուն խաղաղություն լիներ: Իսկ ավելի գլոբալ առումով մեր դիվանագիտությունը կարող էինք հաջողված համարել, եթե այնպիսի միջազգային իրավաքաղաքական ֆոն ստեղծված լիներ, որը Ադրբեջանի համար անիմաստ կդարձներ պատերազմ սանձազերծելու մտադրությունը: Մեծ հաշվով՝ խիստ հարաբերական է խոսել հայկական դիվանագիտության, Հայաստանի ինքնաբավ արտաքին քաղաքականության մասին, երբ ակնհայտ է Մոսկվայի, մեղմ ասած, կաշկանդող, թելադրող գործոնը: Եվ դա տեսանելի է բոլոր ուղղություններով: Հայ-իրանական հարաբերությունները չեն զարգանում իրենց ամբողջ պոտենցիալով, որովհետև դրանք անխուսափելիորեն հանգեցնելու են մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային և նպաստելու են ռուսական կախվածությունից նրա ազատմանը: Հայ-վրացական հարաբերություններն անկաշկանդ չեն, որովհետև մեր հարևան երկիրը Մոսկվայի համար թշնամական երկիր է: Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները գլոբալ «խմբագրվում» են Մոսկվայի կողմից: Բրյուսելի հետ նախատեսվող շրջանակային համաձայնագիրն ամբիցիոզ չէ, բայց նույնիսկ այդ կարգավիճակում երաշխավորված չէ դրա ստորագրումը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև: Էլ չասած հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, որոնց միակողմանի բնույթը զարմանք է հարուցում: Դեսպան Ռիչարդ Միլսի ներդրումային առաջարկը ռազմավարական է Հայաստանի զարգացման տեսանկյունից, իսկ հայաստանյան արձագանքի բացակայության խորքերում ռուսական հետքն է: Մեր ԱԳՆ-ն նմանվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի ֆիլիալի, որն ընդամենը ներկայացուցչական ֆունկցիաներ է կատարում: Մենք, ըստ էության, չունենք ինքնուրույն դիվանագիտություն, և զուր էր Նալբանդյանն այսօր տրտնջում, թե Հայաստանի մի քանի տասնյակ դիվանագիտական ներկայացուցչություններ աշխատում են 1+1 ռեժիմով (մեկ դեսպան, մեկ դիվանագետ)՝ ֆինանսների բացակայության պատճառով: Սարգսյան-Նալբանդյան զույգի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է Հայաստանի եվրասիականացմանը՝ կասկածի տակ դնելով անգամ ԱԳՆ-ի գոյության նպատակահարմարությունը: Նման կառույցի վրա անգամ շռայլություն է գումար ծախսելը:   Լուսանկարը՝  Photolure-ի

1in.am
30-06-2017 13:41