«ԴԱՀԿ-ՃՈ զույգը քաղաքացիներից միլիոնավոր դրամներ է գողանում»

Ճանապարհային ոստիկանությունում առկա տեխնիկական սխալի պատճառով վնաս են կրում ճանապարհատրանսպորտային խախտումների համար տուգանված բազմաթիվ քաղաքացիներ: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ահազանգում է ԳԱԱ իրավագետ Տիգրան Սարգսյանը: ՃՈ պարզաբանմամբ, դա վրիպակ է, բայց քաղաքացիների համար՝ գլխացավանք: Դրա հետևանքով ակտերը դառնում են անբողաքարկելի, ուղարկվում են ԴԱՀԿ, իսկ ԴԱՀԿ-ն կալանք է դնում մարդկանց հաշիվներին ու առանց մարդկանց գիտության նրանց հաշիվներից քաշում այդ գումարը: Տիգրան Սարգսյանը հիշեցնում է, որ քաղաքացին տուգանվեու մասին ակտն ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի բողոքարկել այն: Այստեղ շատ կարևոր մի նրբություն կա, հենց մեկ ամիս է բողոքարկման ժամկետը, ոչ թե 15 օր, ինչպես սովորաբար նշվում է ՃՈ ակտերում: ՃՈ-ն, նրա խոսքով, թյուրիմացության մեջ է գցում մարդկանց: Կոնկրետ դեպքը ներկայացնելով՝ Տիգրան Սարգսյանն ասում է, որ քաղաքացին սահմանված ժամկետում բողոքարկել է ակտը, բայց մոտ 3 ամիս բողոքին պատասխան չի ստացել, դրա փոխարեն ԴԱՀԿ-ից նամակ է ստացել այն մասին, որ իր հաշիվն արգելանքի տակ է, 7500 դրամ արդեն քաշվել է հաշվից: Քաղաքացին փորձել է պարզել, թե ինչի հիման վրա է այդ որոշումը կայացվել, ՃՈ-ից պարզաբանել են, որ չվճարած ակտ է ունեցել: «Քաղաքացին ասել է՝ բայց չէ՞ որ ես բողոքարկել եմ, ԴԱՀԿ-ից ասել են՝  այդ մասին մենք տեղյակ չենք: Այսինքն՝ ՃՈ-ԴԱՀԿ հանցավոր զույգը երևի նոր մեթոդ է մշակել ժողովրդին կլպելու համար: Եվ նրանց միակ արդարացումն այն է, որ դա տեխնիկական վրիպակ է»,- ասում է Տիգրան Սարգսյանը, ով ներկայացնում է տուժած քաղաքացու շահերը: Նրա խոսքով՝ աղմուկ բարձրացնելուց հետո իրեն զանգել է ՃՈ աշխատակից Սամվել Օհանյանն ու ներողություն խնդրել, ասել, որ դա վրիպակ է: «Ասաց, որ պատրաստակամ են այդ խնդիրն ուղղել, խնդրում ենք անձնագրով եկեք, մենք այդ 5000 ձեզ հետ կփոխանցենք: Բայց 2500 դրամը, որը ԴԱՀԿ-ն է քաշել, հետ չի վերադարձվում: Ստացվում է, որ ԴԱՀԿ-ՃՈ զույգը քաղաքացիներից միլիոնավոր դրամներ է գողանում, հետո մարդիկ սկսում են դատարաններում ապացուցել, որ իրենք ճիշտ էին, փողերի մի մասը հետ են ստանում: Կոնկրետ այս դեպքում քաղաքացու հաշվից քաշվել է 7500 դրամ, բայց նրան վերադարձվել է 5000 դրամ: Այսինքն՝ Ճանապարհային ոստիկանության պատճառով ու մեղքով քաղաքացին վնաս է կրում»,- ասաց նա: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ վարչական դատարանում նման մոտ 30 գործ կա այսօր, բայց տեղեկություն կա, որ 300-ից ավելի են այս դեպքերը, պարզապես շատերը չեն բարձրաձայնում: Տիգրան Սարգսյանը պատրաստվում է ԴԱՀԿ դեմ հայց ներկայացնել Վարչական դատարան՝ որպես երրորդ կողմ ներգրավելով Ճանապարհային ոստիկանությանը: Նրա խոսքով՝ իրենց նպատակն է դատարանի որոշում ունենալով նախադեպ ստեղծել, որպեսզի այս կառույցների համար դաս լինի, որ չի կարելի նման կերպ վարվել քաղաքացիների հետ: Իրավագետն ասում է, որ ճանապարհատրանսպորտային խախտումների մասով տուգանքները շարունակում են պատուհաս մնալ Հայաստանի բնակչության համար: Եթե Դատական դեպարտամենտը վիճակագրություն հրապարակի, ակնհատ կերևա, որ մարդու իրավունքների խախտման դեպքերն այս ոլորտում շատ են: Մանրմասները տեսանյութում

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
30-06-2017 20:50