Աշոտյանի նետած «քարը» Քոչարյանի «բոստանը»

01-07-2017 14:00

Երեկ ուշագրավ իրադարձություն է գրանցվել ԱԺ-ում, երբ քննարկվում էր նախորդ տարվա բյուջեի կատարողականը: Հիշեցնելով, որ իշխող Հանրապետականի իշխանության օրոք Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, «Ծառուկյան» խմբակցությունից ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն արտգործնախարարին հարց է ուղղել՝ արդյոք ջանքեր գործադրվո՞ւմ են Ղարաբաղը դարձյալ բանակցային կողմ դարձնելու համար: Ի սկզբանե ակնհայտ էր, որ Զուրաբյանի հարցը քաղաքական և հասցեականության առումով սխալ է ձևակերպված եղել, բայց այդ «սխալը» «խմբագրել» է ոչ թե Էդվարդ Նալբանդյանը՝ իր ոչինչ չասող պատասխանով, այլ Արմեն Աշոտյանը: «ՀՀԿ-ն ուղղակի պատասխանատու է բանակցությունների համար 2008 թվականից: Կարծում եմ՝ որպես հարցի գիտակ, մենք իրար շատ լավ հասկացանք»,- ասել է նա: Աշոտյանի պատասխանը կամ ռեպլիկը քաղաքական պատասխանատվության երկու շերտ է ենթադրում: Բուն կարգավորման գործընթացի մասով ՀՀԿ փոխնախագահն, իհարկե, միանգամայն ճիշտ է, որովհետև «հաղթողական» կարգախոսով 1998-ին հեղաշրջում իրականացրած Ռոբերտ Քոչարյանն անձամբ է պատասխանատու ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելու համար: Բանակցային գործընթացում Քոչարյանի «բացառիկ» սուբյեկտայնությունն, ի վերջո, հանգեցրեց «հաղթական» մեկ հետևանքի՝ ոչ միայն ԼՂՀ-ն, այլ նաև ՀՀ-ն բանակցության սուբյեկտից վերածվեցին դրա օբյեկտի՝ ճանապարհ բացելով «Մեղրիի փոխանակման» ամոթալի տարբերակի քննարկման համար: Սա իսկապես Քոչարյանի քաղաքական պատասխանատվության խնդիրն է, և այս մասով Աշոտյանի ռեպլիկը միանգամայն համարժեք է: Սակայն առաջանում է քաղաքական պատասխանատվության մեկ այլ հարթակ, որտեղ ՀՀԿ-ն, մեղմ ասած, «լվանում» է իր ձեռքերը: Դա այն դերակատարությունն է, որ այս կուսակցությունն ունեցել է տարիներ շարունակ և որից փորձում է ձերբազատվել այսօր: ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանը չէ, կամ միայն Սերժ Սարգսյանը չէ, հետևաբար իր պատասխանատվության հաշվիչը չպետք է միացնի 2008-ից, այսինքն՝ այն փուլից, երբ Սերժ Սարգսյանը ստանձնել է Հայաստանի նախագահությունը: Որոշ հանրապետականներ ինքնամոռաց քննադատում են 90-ականների «մութ ու ցուրտ տարիները»՝ մոռանալով, որ ՀՀԿ-ն այդ տարիներին եղել է կառավարող կոալիցիայի «տաքուկ» սենյակներում: Եթե այսօր Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն իրենց համարում են Ղարաբաղյան հաղթանակի «տերը», համարձակորեն պետք է տան նաև այդ «ցրտի ու խավարի» պատասխանը: Կամ՝ 2000թ.-ից իշխանության նեսրսում շատ մեծ ազդեցություն է ունեցել վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը: Ի՞նչ արժեր այդ ազդեցությունը, եթե փորձ չի արվել ազդել Քոչարյանի ղարաբաղյան քաղաքականության վրա: Այս հարցերը այնքան էլ հռետորական չեն, որովհետև մեծ է հավանականությունը, որ տարիներ անց ՀՀԿ-ն փորձի «ձեռքերը լվանալ» իշխանության հնարավոր ձախողումներից, եթե Սերժ Սարգսյանը, օրինակ, 2018-ին ֆորմալ առումով լքի իշխանությունը: Գուցե սա է քաղաքական այն նոր մշակույթը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը՝ ունենալ իշխանություն՝ առանց պատասխանատվության:

1in.am
01-07-2017 14:00