Քաղաքացին 5 տարի առաջ վաճառել է մեքենան, բայց տուգանվել ուրիշի խախտման համար

Դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների անվստահությունը չի վերականգնվում, քանի որ դատարանները անկախ չեն գործում: Lragir.am-ի հետ զրույցում խնդրին անդրադառնում է ԳԱԱ իրավագետ Տիգրան Սարգսյանը, ով հերթական օրինակն է ներկայացնում: Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, ըստ Տիգրան Սարգսյանի, «վերևներից» ստացված զանգով սոցիալապես անապահով քաղաքացուն անհիմն տուգանելու վճիռ է կայացրել: Տիգրան Սարգսյանը պատմեց, որ քաղաքացին իր ավտոմեքենան վաճառել էր 2012 թվականին, սակայն 2017 թվականին ծանուցում է ստացել, որ իր վերաբերյալ դատական գործ կա՝ 50 հազար դրամ բռնագանձելու պայմանով: «Մարդը գնում է դատական նիստին, պարզվում է, որ վաճառելուց հետո մեքենայի նոր տերը խախտում է արել, դրա հիման վրա ակտ են կազմել, չվճարելու պատճառով այն հնգապատկվել է ու դարձել 50 հազար դրամ: Մարդը դատարանում հայտնել է, որ իրավախախտման ժամանակ մեքենան վաճառված է եղել, իրեն չի վերաբերում այդ իրավախախտումը, դրա բոլոր ապացույցները ներկայացվել են: Դատաքննության օրընրան հայտնում են, որ դատավորը թաղման է: Դրանից երկու օր հետո քաղաքացին ստանում է վճիռը, ըստ որի՝ ՃՈ հայցը դատարանը բավարարել է ու իրեն տուգանել 50 հազար դրամով: Վճռում գրվել է, որ պատասխանողը դատական նիստին չի ներկայացել: Նաև նշվել է, որ քաղաքացին բավարար ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ ՃՈ տեղյակ է եղել, որ մեքենան իրենը չէ: Այսինքն՝ ՃՈ-ն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է ներկայացրել դատարան», ասում է քաղաքացու շահերը ներկայացնող Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ սա այն դեպքերից մեկն է, որը փաստում է, որ դատավորը “վերևներից” զանգ է ստացել, որպեսզի ՃՈ հայցը բավարարի ի վնաս քաղաքացու: “Եթե Վարչական դատարանը ստեղծվել է քաղաքացիներին պետական մարմինների ոտնձգությունից պաշտպանելու համար, ապա այնտեղ աշխատող դատավորները պետք է համապատասխանեն այդ որակավորմանը: Այնինչ, այսօր վերևից կարող են զանգով դատական իշխանության վրա այնպիսի ճնշում գործադրել, որ օրենքի խախտումով այնպիսի վճիռ ընդունեն, որ զանգ կատարողը գոհ մնա, իսկ քաղաքացու շահը ոտնահարվի”,- ասում է մանսագետը: Ըստ նրա՝ նմանօրինակ դեպքերը ցույց են տալիս, որ հասարակությունը չի կարող վստահել դատական համակարգին: Գործով Տիգրան Սարգսյանը վերաքննիչ բողոք կներկայացնի: Մանրամասները տեսանյութում

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
01-07-2017 16:54