ԵԱՀԿ-ն մնացել է «անգլուխ». նոր մարտահրավեր ԼՂ խնդրում

03-07-2017 09:14

Մեկնարկող շաբաթվա գլխավոր իրադարձությունը հուլիսի 5-7-ը Գերմանիայի Համբուրգ քաղաքում նախատեսված Քսանյակի գագաթնաժողովն է, որի շրջանակներում սպասվում է Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը: Այն տեղի է ունենալու ռուս-ամերիկան աննախադեպ ճգնաժամի ֆոնին, որը, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի բնութագրմամբ, ավելի խորքային է, քան Բարաք Օբամայի հեռանալու պահին: Չնայած Պուտինին և Թրամփին միավորում են մի շարք ընդհանուր պատկերացումներ միջազգային քաղաքականության առանցքային հարցերի, պետության, քաղաքական և հանրային հարաբերությունների կառուցվածքի վերաբերյալ, այնուամենայնիվ՝ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ այս հանդիպումից, որովհետև ռուս-ամերիկյան հակասություններում անձնային գործոնը գրեթե տեղ չունի՝ առաջին պլան բերելով երկրների ռազմավարական շահերի տարբերություններն ու էլիտաների անվստահությունը: Շատ է խոսվում նոր Սառը պատերազմի մասին, թեև դասական իմաստով այն գոյություն ունենալ չի կարող: Նախ՝ այսօր գոյություն չունի մոդելների, համակարգերի պայքար, երկրորդ՝ հակադրության հիմքում բացակայում է գաղափարական բաղկացուցիչը, և վերջապես՝ համարժեք չեն կողմերի ռեսուրսները: Մյուս կողմից՝ Սառը պատերազմը միջազգային հարաբերությունների մի ռեժիմ էր, ստատուս քվո, ինչը ենթադրում էր որոշակի կայունություն և կանխատեսելիություն: Ռուս-ամերիկյան այսօրվա ճգնաժամը վտանգավոր է հենց նրանով, որ, մեծ հաշվով, քաոտիկ և անկանխատեսելի է: Սառը պատերազմի ավարտից հետո ԵԱՀԿ-ն այն սակավաթիվ միջազգային կազմակերպություններից մեկն էր, որում Արևմուտքն ու Ռուսաստանն էֆեկտիվ համագործակցում էին: ԵԱՀԿ գործունեությունը բացառիկ դեր ունի՝ հատկապես հակամարտությունների կարգավորման գործընթացում և զարգացող երկրների ժողովրդավարական ու ընտրական ինստիտուտնետի ամրապնդման գործում: Ռուս-ամերիկյան այսօրվա ճգնաժամը սպառնում է հարվածել ԵԱՀԿ գործունեության էֆեկտիվությանը, նրա ինստիտուցիոնալ կենսունակությանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և մի շարք այլ բարձր պաշտոններ հուլիսի 1-ից մնացել են թափուր, քանի որ կառույցի անդամ պետությունները չեն կարողացել համաձայնության գալ իտալացի դիվանագետ Լամբերտո Զանյերի իրավահաջորդի հարցում: Գլխավոր քարտուղարի պաշտոնից բացի, թափուր են մնացել Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի ղեկավարի, ազգային փոքրամասնությունների գծով գերագույն հանձնակատարի և ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցչի պաշտոնները: ԵԱՀԿ-ում տիրող վիճակը կենսականորեն շոշափում է նաև Հայաստանի շահերը, որովհետև այս կառույցի Մինսկի խումբն է զբաղվում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով: Երկար կարելի է քննարկել համանախագահության գործունեության արդյունավետության հարցը, սակայն անվիճելի է, որ Մինսկի խումբը ԼՂ հակամարտությունում ստեղծված ստատուս քվոյի և փխրուն խաղաղության մեխանիզմներից մեկն է: Հիմա փաստորեն նոր մարտահրավերի առաջ է կանգնում տարածաշրջանային խաղաղությունը:

1in.am
03-07-2017 09:14