Ամերիկայի «Ռոբերտ Քոչարյանը»

03-07-2017 14:15

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական վարքագիծը ակամայից թարմացնում է Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանի հետ կապված մեր հիշողությունները: Համենայնդեպս, Թրամփն առայժմ արդյունավետ երկու գործառույթ է իրականացնում՝ վատաբանում է իր նախորդին ու ընդդիմադիր դեմոկրատներին և «խաչակրաց արշավանք» է ձեռնարկել ԶԼՄ-ների դեմ: Երեկ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում մոնտաժված տեսանյութ է հրապարակել, որում «ծեծում» է մի մարդու, ում գլխի փոխարեն CNN հեռուստաալիքի մեծ լոգոտիպն է: Այս արարքը խիստ համարժեք է Ռոբերտ Քոչարյանի մտքի «գոհարներին», երբ նա պարբերաբար խոստանում էր «կլիզմա» անել իր ընդդիմախոսներին: Ռեալ իշխանության բացակայության հանգամանքը երբեմն բարդույթավորում է պետությունների ղեկավարներին, նրանք շեշտը դնում են իրենց «տղամարդկային» կերպարի բացահայտման վրա: Թրամփի երեկվա ռինգակին տեսանյութը Քոչարյանի՝ «միակ տղամարդու» հայտնի արտահայտության շարքից է: Իրականում նման վարքագիծը բնորոշ է էությամբ թույլ, ավտորիտար ղեկավարներին: Այդպիսի մարդիկ սովորաբար չեն ունենում նոր գաղափարներ, հասարակությանը կոնսոլիդացնող իդեաներ և փորձում են ինքնահաստատվել իրենց նախորդներին «սևացնելու» միջոցով: Օբաման մեղք չունի, որ Թրամփն ԱՄՆ ամենաոչպոպուլյար նախագահն է, բայց վերջինս համառորեն չի կարողանում ձերբազատվել իր նախորդի ստվերից: Նույն բանն անում էր Ռոբերտ Քոչարյանը՝ անգամ իր նախագահության վերջին շնչում պայքարելով «նախորդ հանցավոր ռեժիմի» դեմ: Ավտորիտար ղեկավարներին բնորոշ է ջայլամի սինդրոմը: Նրանց թվում է՝ եթե չլինի մամուլը, հասարակությունը չի տեսնելու իրենց այլանդակ կերպարը: ԶԼՄ-ները գրում են Թրամփի հաղթանակի ռուսական «հետքի» մասին, նա այդ վարկածը հերքելու փոխարեն՝ լրատվամիջոցներին «ֆեյք» ու «խարդախ» է համարում: Ռոբերտ Քոչարյանը կարծում էր՝ եթե չլինի «Ա1+» հեռուստաընկերությունը, ապա ինքը հասարակության հետ պրոբլեմ չի ունենա, ու արժանացավ խոսքի ազատության բազմամարդ հանրահավաքում հնչած «Ա1+, Ռոբ մինուս» կարգախոսին: Մենք սկզբում ծիծաղում էինք Քոչարյանի վրա՝ մինչև նա սկսեց ծիծաղել բոլորիս վրա: Հուսանք՝ ամերիկացիները թույլ չեն, որ որևէ մեկն իրենց վրա ծիծաղի:

1in.am
03-07-2017 14:15