Արմեն Աշոտյանը կարեւորում է բազմակուսակցական ժողովրդավարության լիարժեք կայացումը Հայաստանում

03-07-2017 19:56

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 3-ին ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին եւ Գերմանիայի ՔԴՄ կուսակցության գործադիր մարմնի անդամ, Թյուրինգիայի լանդթագի (խորհրդարանի) նախկին նախագահ Դագմար Շիպանսկիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Գերմանիայի հետ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցությունը եւ այս համատեքստում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի դերն ու ջանքերը: Հանձնաժողովի նախագահն իր խոսքում ներկայացրել է տեսակետներ երկկողմ հարաբերությունների հետեւողական զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ եվրոպական պետությունների հետ կուսակցական հարաբերությունների զարգացման հնարավորությունները եւ նշել, որ բազմակուսակցական մշակույթի զարգացման համատեքստում Հայաստանը մեծապես կարեւորում է եվրոպական փորձն ու անցած ճանապարհը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գիտահետազոտական ոլորտի զարգացումներին, ինչպես նաեւ տնտեսական համագործակցության հեռանկարներին: Գիտահետազոտական ոլորտում համագործակցության առաջնահերթությունների շրջանակում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է արտերկրի մասնավոր ընկերությունների ներգրավման հնարավորությունները: Գիտության ոլորտի ձեռքբերումների շրջանակում կարեւորվել է Հայաստանի միացումը «Հորիզոն 20-20» ծրագրին: Անդրադարձ է կատարվել նաեւ տնտեսության զարգացման ռազմավարությանը: Արմեն Աշոտյանը կարեւորել է նորարարական մոտեցումների կիրառումը ոլորտում՝ չեզոքացնելու համար աշխարհագարական դիրքով պայմանավորված մարտահրավերները: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումներին: Ներկայացվել են Հայաստանում գործող առաջատար ընկերությունների ձեռքբերումները միջազգային շուկայում: Արմեն Աշոտյանն այս համատեքստում կարեւորել է նաեւ հայկական սփյուռքի դերն ու ներուժը՝ ոլորտում նոր հնարավորությունների եւ տեղի երիտասարդ գիտնականների համար հնարավորությունների ստեղծման հարցում: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարբեր ոլորտներում Գերմանիայի հետ համագործակցության մի շարք հարցերի:

1in.am
03-07-2017 19:56