Իտալիայի դեսպանատունը թույլ չի տվել Հայաստանի հավաքականի առաջատարներին մեկնել Մալթա

04-07-2017 13:31

Այսօր, Մալթայում մեկնարկում է կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին։ Ցավոք, Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների։ Առաջին լրատվականի հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն ասաց, որ Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չտրամադրեց Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին։ Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է։ Այսօր, Երևանի ժամանակով 17։30-ին Հայաստանը մրցելու է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալու ընդամենը 7 մարզուհիներ։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանի սաները 2016 թվականին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում։

1in.am
04-07-2017 13:31