Թրամփ-Պուտին. երկու սցենար Հայաստանի համար

04-07-2017 13:45

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ամերիկյան կողմը որպես Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում Թրամփ-Պուտին հնարավոր հանդիպման թեմաներ առաջարկում է Սիրիայի և Ուկրաինայի հարցերը: Ռուսաստանն էլ, իր հերթին, դրանք համարելով կարևոր, նաև նշում է, որ առաջնահերթ քննարկման արժանի է միջազգային ահաբեկչության խնդիրը: Թրամփ-Պուտին հանդիպման մասին ակտիվորեն խոսվում է, փաստորեն կան նաև կազմակերպական շփումներ, սակայն հանդիպման պայմանավորվածությունը պաշտոնական հաստատում բնականաբար դեռ չունի, և, իհարկե, ամենևին երաշխավորված չէ, որ կողմերը կգան համաձայնության: Ամեն ինչ կախված է, իհարկե, օրակարգից: Այդ առումով հետաքրքրական է, թե արդյո՞ք դրանում կարող են հայտնվել խնդիրներ, որոնք վերաբերում են Կովկասին կամ հնարավորինս մոտ են դրան: Իհարկե, մյուս կողմից՝ կասկած չկա, որ ավելի ու ավելի փոքրացող աշխարհում տարածաշրջանները խիստ շաղկապված են, և թե՛ Սիրիայում, թե՛ Ուկրաինայում տեղի ունեցողը, դրանց վերաբերյալ հարցերը այսպես թե այնպես էական առնչություն ունեն նաև կովկասյան տարածաշրջանի խնդիրներին, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող հարցերի: Մյուս կողմից, սակայն, միջազգային այդօրինակ բարձր մակարդակի հանդիպման օրակարգում կովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցերի բացակայությունն ինքնին հարց է առաջացնում՝ արդյո՞ք ինչպիսին է օրակարգը ձևավորողների վերաբերմունքը տարածաշրջանի հարցերի նկատմամբ: Այսինքն՝ կովկասյան տարածաշրջանում նրանք չունե՞ն այն հակասություններն ու հակադրությունը, որ կան Սիրիայում և Ուկրաինայում, թե՞ պարզապես խնդիրը այն է, որ կովկասյան տարածաշրջանում նրանք կամ նրանցից մեկը հակասություններին չի տալիս մեծ նշանակություն և պատրաստ է անգամ դրանք դարձնել, այսպես ասած, փոխարկելի ավելի լուրջ խնդիրների շուրջ քննարկումներում: Դրանք ենթադրում են տարբեր ռեժիմներ մոտեցումների և հեռանկարների մասով: Որովհետև եթե խնդիրն այն է, որ ավելի լուրջ նշանակություն տրվող հարցերի քննարկումներում կովկասյան հարցերը կարող են լինել ընդամենը փոխարկելի առարկա, ապա այստեղ Հայաստանի համար կարող են լինել մտահոգություններ: Բանն այն է, որ իրերի այդ դասավորությունը, ամենայն հավանականությամբ, կենթադրի, որ Վաշինգտոնը պատրաստ է Կովկասում որոշակի ազատություն տալ Ռուսաստանին, եթե Մոսկվան համաձայնի Սիրիայի և Ուկրաինայի հարցերում խաղալ ԱՄՆ խաղի կանոններով և գնալ որոշակի զիջումների: Իսկ դա կնշանակի Կովկասում Ռուսաստանի ազդեցության աճ, և հաշվի առնելով այն հարաբերություններն ու ծրագրերը, որ Ռուսաստանը կառուցում է Անկարայի և Բաքվի հետ, կարող ենք բավական միարժեք պատկերացնել, թե Կովկասում Ռուսաստանի ազդեցության աճն ինչ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանի իշխանության մոտ բացարձակապես չկան քաղաքական ինքնիշխանության կամքի աճի նշույլներ: Եթե գործ ունենք մյուս տարբերակի հետ, այսինքն՝ Կովկասի խնդիրը եթե չի հայտնվում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպմանը լոկ այն պատճառով, որ երկու կողմերը, չնայած տարբեր մոտեցումներին և ռազմավարություններին, այդուհանդերձ, այստեղ չեն տեսնում միմյանց միջև հրատապ քննարկելու բան, ապա դա արդեն համեմատության մեջ առավել դրական է Հայաստանի համար, Արցախի համար և կարող է նշանակել, որ առաջիկայում չի նշմարվում իրավիճակի էական փոփոխություն: Իհարկե, իրավիճակի փոփոխության առումով կա երկու խնդիր՝ փոփոխություն եղած լարվածության թուլացման ուղղությամբ, և փոփոխություն դեպի վատը՝ լարվածության աճ: Որքան էլ, իհարկե, ցանկալի է լարվածության թուլացման ուղղությամբ փոփոխությունը, այդուհանդերձ՝ իրական քաղաքականության ռեժիմում բոլորի համար պարզ է, որ առայժմ այդ ուղղությամբ փոփոխությունը հեռու է իրատեսականությունից՝ դժբախտաբար, և մենք ստիպված ենք ապավինել գոնե նվազագույնին՝ որպեսզի չլինի գոնե լարվածության աճ, և պահպանվի նաև տարածաշրջանում միջազգային ուժային կենտրոնների հակակշռող ներկայությունը, որը ռուս-թուրքական տանդեմին թույլ չի տա տնօրինել տարածաշրջանն այնպես, ինչպես մեկ դար առաջ:

1in.am
04-07-2017 13:45