Մոուրինյոն ձախողվում է. Ո՞ւմ վրա է հույսը դրել պորտուգալացի մասնագետը

04-07-2017 17:30

Եվրոպա լիգայի խաղարկության գավաթը նվաճելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու գործընթացի պատասխանատվությունը ամբողջովին իր վրա է վերցնում: Մինչ այդ «Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունը վարում էր ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը: Վերջինս Մոուրինյոյի կողմից ստանալով ցանկալի ֆուտբոլիստների ցուցակ՝ փորձում էր իրականացնել այդ տրանսֆերները: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Մոուրինյոն արդեն իսկ ձախողել է տրանսֆերային գործընթացը: Մասնավորապես, նշվում է, որ այդպես էլ տեղի չի ունենա «Ռեալի» կենտրոնական հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխությունը, ինչպես նաև ձախողման եզրին են «Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները: Մոուրինյոն հույս էր հայտնել, որ մինչև Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկը «Յունայթեդը» ԱՄՆ-ում կայանալիք միջազգային մրցաշարերին կմասնակցի՝ կազմում ունենալով վերոնշյալ ֆուտբոլիստներին: Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել միայն շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելֆի հետ: Վերջինս հանդես էր գալիս Պորտուգալիայում: Ըստ ամենայնի, Լինդելֆը ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարում կլինի «Յունայթեդի» միակ նորեկը: Նախորդ մրցաշրջանում «Յունայթեդը» անհաջող էր հանդես եկել Պրեմիեր Լիգայում՝ զբաղեցնելով միայն 6-րդ հորիզոնականը: Մոուրինյոն հույս ուներ, որ ամռանը ակումբը ձեռք կբերի 4 ճանաչում ունեցող ֆուտբոլիստների, ինչը նախադրյալներ կստեղծեր գալիք մրցաշրջանում մցանակային տեղերի համար պայքարելու: Դեռևս անցյալ տարի շատ էր խոսվում, որ «Յունայթեդ» կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը: Շատերը նույնիսկ շտապում էին կարծիք հայտնել, որ Գրիզմանը հարձակման գծում կհամագործակցի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Խուան Մատայի հետ, և այս եռյակը ուժեղագույններից կլինի Անգլիայի Պրեմիեր լիգայում: Վերջերս, սակայն, պարզ դարձավ, որ ֆրանսիացի հարձակվողը կարծես թե չի պատրաստվում լքել իսպանական ակումբը: Առկա իրավիճակում բրիտանացի շատ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ տրանսֆերային շուկայում վերջնական ձախողման դեպքում Մոուրինյոն հույսը դնելու է Պոգբա-Մխիթարյան-Մատա խաղային եռյակի վրա: Հիշեցնենք, որ թիմի առաջատար և գլխավոր ռմբարկու Զլատա Իբրահիմովիչը շարք կվերադառնա միայն 2017 թվականի վերջին: Անցյալ շաբաթ խոսվում էր Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու՝ «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը համալրելու մասին: Ավելի ուշ, սակայն, «Բավարիան» հերքել է Լևանդովսկու տեղափոխվելու վերաբերյալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցելու մասին շրջանառվող լուրերը: Գերմանական ակումբը նշել էր, որ Լևանդովսկին երջանիկ է «Բավարիայում» և այլ թիմ տեղափոխվելու մտադրություն չունի: Լեհ հարձակվողի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2021 թվականին: Բրիտանական աղբյուրները նշում էի նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդը» որս է սկսել նաև իտալական «Տորինոյի» 23-ամյա հարձակվող Անդրեա Բելոտիի նկատմամբ, ով անցկացնելով փայլուն մրցաշրջան՝ գրավել է մի շարք եվրոպական ճանաչված ակումբների ուշադրությունը: Մասնավորապես, տարբեր աղբյուրների համաձայն՝ Բելոտիի տրանսֆերի շուրջ, բացի «Մանչեսթեր Յունայթեդից», «Տորինոյի» հետ բանակցում են նաև ՊՍԺ-ն և «Միլանը»: Այս թեմայի շուրջ, սակայն, շրջանառվող խոսակցությունները մարեցին, և արդեն իսկ պարզ է, որ Բելոտին չի տեղափոխվի անգլիական ակումբ: Մոուրինյոն դեռևս հույսեր է փայփայում ձեռք բերելու «Էվերտոնի» և Բելգիայի ազգային հավաքականի 24-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուին: Վերջինս 2016/2017թթ. Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցելով 37 խաղի՝ խփել է 25 գոլ: Ի դեպ, Լուկակուին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Չելսին»: Վերջինս 3 տարի առաջ Լուկակուի դիմաց «Էվերտոնին» էր տրամադրել 28 միլիոն ֆունտ: Այսօր «Էվերտոնը» Լուկակուի տրանսֆերի համար պահանջում է 100 միլիոն ֆունտ:

1in.am
04-07-2017 17:30