Ադրբեջանը «պայթեց». Հայաստանի հաջորդ քայլը

Երեկ Ադրբեջանը մեծ աղմուկ էր բարձրացրել ու դիմել միջազգային բոլոր ատյաններին, պահանջելով դատապարտել հայկական ուժերի գործողությունը, որի արդյունքում, ըստ ադրբեջանական կողմի, զոհվել են խաղաղ բնակիչներ: Հայկական ուժերը դիմել են պատասխան գործողության այն բանից հետո, երբ ադրբեջանցիները լայնածավալ հրետակոծություն են սկսել, այդ թվում հարվածելով հայկական հրամանատարական կետի: Ադրբեջանը օգտվել է առիթից ու աղմուկ է բարձրացրել, փորձելով լուծել որոշակի խնդիրներ: Ի՞նչ խնդիրներ են դրանք: Ադրբեջանը ներկայում հայտնվել է մի իրավիճակում, երբ նրա պահանջները փաստացի անտեսվում են, այդ թվում՝ պատերազմի իրավունքը: Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը եւ բանակցությունը սկսելու նախապայմաններ է առաջ քաշել, այդ թվում կրակի դադարեցումն ու հետաքննության մեխանիզմենրի տեղակայումը: Ադրբեջանն անցել է շփման գծի ողջ երկայնքով մարդասպանության քաղաքականության, որից հետո Հայաստանը սկսել է դիմել շահագրգիռ ատյաններին՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու համար: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ սպառվել է Ադրբեջանի վերջին «մեթոդը»՝ մարդասպանությունը, եւ Ադրբեջանը հայտնվել է լիակատար փակուղու մեջ՝ ոչ մի միջոց իրավիճակը չի բերում իր պահանջների դաշտ: Երեկվա սադրանքի նպատակը հենց այդ է՝ փորձել դուրս գալ այդ իրավիճակից եւ «հակընդդեմ» պահանջներ առաջադրել հայկական կողմի հանդեպ: Սակայն սա էլ կարծես թե արդյունք չի տալիս: Մինսկի խումբը տարածել է հայտարարություն, որում կողմերին կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները: Իր հերթին, անսպասելի հայտարարություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն, Ադրբեջանին մեղադրելով հայկական ազգանուններով իր քաղաքացիների հանդեպ բռնություն կիրառելու մեջ: Սակայն ամենակարեւորը ՀՀ ԱԳՆ արձագանքն է: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը գրառում է արել, ըստ որի՝ հետագա լարումներից եւ կորուստներից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համաձայնեն կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Սա երեւի թե ամենաանսպասելին է եղել Ադրբեջանի համար, որը սովոր էր հայկական դիվանագիտության որոշակի «նահանջողականությանը»: ՀՀ ԱԳՆ-ն փաստացի երկրորդել է զինված ուժերի հարվածը, ակնարկելով, որ Ադրբեջանը շարունակելու է ստանալ անհամաչափ հարվածներ, եթե չհամաձայնվի զսպման մեխանիզմների կիրառմանը: Այդպիսով, հայկական զինուժի գործողությունը ամրապնդվում է նաեւ դիվանագիտական ճակատում: Հայաստանը լուրջ խնդիր ունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում այն առումով, որ 1990-ականներին ՀՀ իշխանությունը ստորագրել է փաստաթղթեր, որոնցով փաստացի ճանաչել է Ադրբեջանի իրավունքները: Ադրբեջանը հենց այդ հանգամանքն է դնում համանախագահների առաջ՝ «տարածքային ամբողջականությունից ու հայկական զորքի դուրսբերումից» բացի այլ իրողություններ չընդունելով: Հայկական դիվանագիտության խնդիրն այս իրավիճակը փոխելն է, որը չափազանց բարդ խնդիր է: Տիգրան Բալայանի գրառումը կարո՞ղ է նշանակել, որ ՀՀ ԱԳՆ-ն անցնում է այդ քաղաքականությանը: Ի դեպ, Հայաստանը կարող է այս իրավիճակում արդեն մեկ այլ նախապայման-պահանջ դնել՝ Ադրբեջանը պետք է հեռանա ապրիլի ռազմագործողությունների արդյունքում գրաված դիրքերից, այդպիսով վերականգնելով նախաապրիլյան ստատուս-քվոն: Պետք է այդպես շարունակել, եւ դա միակ ճանապարհն է: Ադրբեջանի ցանկացած կրակոց պետք է աշխատի իր դեմ, ավելի խորացնելով նրա փակուղին: Հուլիսի 4-5-ի իրադարձությունները կարծես թե այդ գործընթացի սկիզբն են:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
06-07-2017 09:32