Տարոն Մարգարյանի որոշմամբ Նոր Նորքում դադարեցվել է ուսումնական կենտրոնի գործունեությունը. ՀԺ

06-07-2017 09:33

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը: Հուլիսի 3-ին ընդունված որոշման մեջ նշվում է, որ կազմակերպության հետագա գործունեությունը ոչ նպատակահարմար է: Ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնի գործունեությունը նախատեսվել է դադարեցնել որոշումն ընդունվելու օրը` հուլիսի 3-ից` «մինչև հետագա կարգավիճակի հստակեցումը»: Կենտրոնի տնօրենին հանձնարարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր աշխատակիցներին ծանուցել հաստիքների հնարավոր կրճատումների մասին: Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ այս տարածքում գործող ուսումնամեթոդական, գիտաարտադրական կենտրոնը հիմնադրվել է 1997 թվականին` որպես ուսումնաարտադրական, մարզաառողջարարական, մշակութային կենտրոն: 2009-ին վերափոխվել է` ստանալով ներկայիս անվանումը: Նույն աղբյուրի տեղեկատվությամբ, դասասենյակներն ու արտադրամասերը վերանորոգված, կահավորված և հագեցված են հաստոցներով ու սարքավորումներով: Կենտրոնի կազմում գործում է 12 խմբակ, որոնցում սովորում է 395 աշակերտ: Կենտրոնը բաղկացած է ուսումնա-մեթոդական և գիտա-արտադրական բաժիններից: Դատելով հրապարակված նյութից, այստեղ կան հայկական ժողովրդական երգի-պարի համույթ, պարի խմբեր, երեխաներին սովորեցրել են հագուստի մոդելավորում, նկարչություն, շախմատ, խեցեգործություն, կահույքագործություն, մրգաչրերի պատրաստում և ձևավորում, նաև իրականացվել է որոշ սարքավորումների նախագծում և պատրաստում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
06-07-2017 09:33