ԿԳՆ-ում «դասից փախած» վիճակ է. «Հրապարակ»

06-07-2017 09:47

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարարությունում «դասից փախած» վիճակ է: Օրինակ՝ մտնում ես ԿԳՆ կայք, ու անմիջապես քո առջև բացվում է «Հարգելի այցելու» բաժինը, որտեղ կայքի մասին տեղեկատվության փոխարեն ընդամենը «հարգելի այցելուներից» ներողամտություն է հայցվում այն բանի համար, որ կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում: Եվ սա՝ արդեն մի քանի ամիս: Ինչ են անում ԿԳՆ համապատասխան վարչության, բաժինների աշխատակիցները, որ մինչև հիմա չեն կարողանում ավարտել իրենց պաշտոնական կայքի փորձարկումը: Թե ինչ են փորձարկում՝ դժվար է ասել, երևի նոր ատոմային զենք: ԿԳՆ-ի կայքը միակն է մյուս գերատեսչությունների պաշտոնական կայքերից, որ տարին կլոր գտնվում է փորձարկման փուլում: Բայց մինչ նախարարությունում տանջվում են իրենց կայքի փորձարկման վրա, իրավապահ մարմիններն էլ իրենց ուժերն են փորձարկում ԿԳՆ համակարգում՝ ամիսը մեկ մի լուրջ խախտում բացահայտելով: Բայց ԿԳՆ կայքի նման են աշխատում նաև նախարարության որոշ վարչությունների պետեր: Օրինակ՝ ներքին աուդիտի վարչության պետ Նորիկ Կարապետյանը ներքին աուդիտով զբաղվելուց զատ, և գուցե առավել շատ, նաև մեղվապահությամբ է զբաղված: ԿԳՆ-ում ասում են, որ Կարապետյանն ամբողջ օրը զբաղված է իր մեղուներով և նորմալ աշխատանքի չի գալիս, ինչի հետևանքով նրանից կախված շատ գործեր հետ են ընկնում: Թերևս, եթե նա մեղուներով զբաղվելու փոխարեն իսկապես զբաղվեր նախարարության ներքին աուդիտով, ավելի շուտ վեր կհանվեին հայտնաբերված չարաշահումները, և բանն իրավապահներին չէր հասնի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

1in.am
06-07-2017 09:47