Լենա Նազարյանը եւ «ոչ հայեցի գործ տվողը»

Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ԱԺ նիստին փաստացի հանցագործության մասին հայտարարություն է արել: Նա ասել է, որ Սեւանա լճից 100 մլն խմ լրացուցիչ ջուր են ուզում բաց թողնել, որ որոշ պաշտոնյաների ափամերձ տներ ջրի տակ չհայտնվեն: Այդ տներից շատերը կառուցված են օրենքի խախտումով՝ սահմանված նիշից ցածր գոտում: Որպես ապացույց նա իր էջում տեղադրել է բնապահպանության նախկին նախարար, Ջրային տնտեսության նախկին պետ, ներկայում ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանի տան նկարները: Փաստորեն, Լենա Նազարյանը հայտնում է կոռուպցիոն ռիսկի եւ հանցագործության կասկածի մասին: Սակայն նրա հայտարարությունը այդպես էլ ոչ ոքի ուշադրությանը չարժանացավ: Նույնիսկ Արամ Հարությունյանը չմեղադրեց Նազարյանին զրպարտության մեջ: Հունիսի սկզբին Ազգային ժողովը մեծ ոգեորությամբ ընդունեց Կոռուպցիայի կանխարգելման մարմին ստեղծելու մասին նախագիծ: Նախագիծը ենթադրում էր նաեւ ազդարարի ինստիտուտի ստեղծումը: Պետությունն իր վրա պարտավորություն է վերցրել պաշտպանել այն անձանց, ովքեր կազդարարեն հնարավոր կոռուպցիայի մասին: Օրենքի քննարկման ժամանակ դաշնակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը ազդարարներին անվանեց “գործ տվող” եւ ասաց, որ դա հայեցի չէ: Օրենքն այնուամենայնիվ ընդունվեց: Եւ ահա հայտնվել է առաջին “գործ տվողը”՝ Լենա Նազարյանը բացահայտ հայտնում է աղաղակող կոռուպցիոն ռիսկի մասին: Սակայն ոչ մի մարմին դրան չի արձագանքում եւ ցանկություն չի հայտնում հետաքննել գործը: Ինչպե՞ս է աշխատելու կոռուպցիայի կանխարգելման ստեղծվելիք մարմինը:  Այն լսելու է միայն գաղտնի՞ ազդարարներին, որոնց վրա նա կարող է ազդեցութուն ունենալ եւ օգտագործել որպես “կոմպրոմատ”: Իսկ նրանց, ովքեր բաց տեքստով կհայտնեն հանցագործության մասին, կանվանեն «ոչ հայեցի գործ տվո՞ղ»: Կոռուպցիայի դեմ կարելի է պայքարել այն հասարակություններում, որտեղ ամոթալի եւ անպատվաբեր է խաբելը, գողանալը, հասարակության հաշվին հարստանալը: Իսկ այն հասարակություններում, որտեղ խորհրդարանի խոսնակն ասում է, որ “գողը՝ գողանալ բառից չէ”, որտեղ ամոթ է միայն բռնվելը, կոռուպցիան ծաղկում ու բարգավաճում է:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
06-07-2017 09:54