Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը մոռացել խաղաղության մասին` պատերազմի շեմին

06-07-2017 15:30

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը երեկ ասել է, թե Հայաստանում քաղաքական ճահիճ է ստեղծվել: Զուրաբյանի իրավիճակային գնահատականը միանգամայն ճիշտ է, այլ խնդիր է, որ դրա ստեղծման հարցում պատասխանատու են ոչ միայն գործող իշխանություններն ու ընդդիմությունը, այլ նաև դատավորի կեցվածք ընդունած ՀԱԿ-ը և նրա փոխնախագահը: Բանն այն է, որ քաղաքական ճահիճը մեկ օրում չի առաջացել, և դա հետևանք է քաղաքական ողջ համակարգի անարդյունավետ գործունեության` սկսած առնվազն 90-ականների կեսից, երբ Հայաստանում սկսվեց ընտրական և քաղաքական ինստիտուտների ձևախեղման գործընթացը, որը, ի վերջո, հանգեցրեց 1998-ի պետական հեղաշրջմանը: Դրանից հետո սկսվեց քաղաքական և տնտեսական հարաբերությունների օլիգարխացումը, քաղաքականության ոչնչացումը, ինչը նույն հետևողականությամբ շարունակվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: ՀԱԿ-ն իրավիճակի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն որպես առաջին նախագահի կուսակցություն, այլ նաև որպես ընդդիմություն, որը բաց թողեց երկրում որական փոփոխություններ նախաձեռնելու բացառիկ շանսը: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը համաժողովրդական աջակցության ռեսուրսը երկրի որակական փոփոխություններին ուղղելու փոխարեն` այն դրեց թիվ մեկ օլիգարխի ոտքերի տակ: ՀԱԿ-ն ուներ բոլոր հնարավորությունները` հանրային աջակցությունը կապիտալացնելու ճանապարհով, հասնել երկրում որակական փոփոխությունների իրականացմանը, թեկուզ` դանդաղ, բայց Տեր-Պետրոսյանի թիմը գերադասեց «խուրդվել» ներհամակարգային բազարներում` մերթ Սերժ Սարգսյանի հետ «մեղրամիս» անելով, այլ դեպքում` Գագիկ Ծառուկյանի հետ` նախագահի հրաժարականը պահանջելով: Կամ գանք վերջին ընտրություններին, որոնցում ՀԱԿ-ը հանդես եկավ «խաղաղության» պլատֆորմով, բայց շատ տարօրինակ մարտավարությամբ: Արտաքին քաղաքական հարաբերություններում հանդուրժողականություն ցուցաբերելու, հարևան երկրների հետ խաղաղություն հաստատելու պլատֆորմը ներկայացվեց ներքին անհանդուրժողականության պաթոսով: Այնպիսի տպավորություն էր, որ Տեր-Պետրոսյանի թիմն առաջ է տանում ոչ թե խաղաղության գաղափարը, այլ փորձում է ապացուցելի դարձնել մյուս ուժերի քաղաքական սնանկությունը: Հասարակությանը պետք էր ոչ թե ահաբեկել, սպառնալ, այլ բացատրել խաղաղության անհրաժեշտությունը, և ոչ թե 1997-ի ժամանակավրեպ կոդերով, այլ այսօրվա իրավիճակին ադեկվատ: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը հայտնվեց աութսայդերի կարգավիճակում, բայց, ի տարբերություն մյուս ձախողակների, ռեստավրացիայի շանս ուներ` շնորհիվ այն հանգամանքի, որ կոնցեպտուալ դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում: Հիմա, երբ առաջնագծում վիճակն ըստ էության պայթյունավտանգ է, և առկա է պատերազմի վերսկսման իրական վտանգ, Տեր-Պետրոսյանի ու ՀԱԿ-ի լռությունն անհասկանալի են և ակամայից հիմք են տալիս մտածելու, որ ընտրությունների ժամանակ դաշինքի ղարաբաղյան ակտիվության հիմքում ոչ թե խաղաղության հրամայականն էր, այլ ռուսական «հետքը»:

1in.am
06-07-2017 15:30