Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչել իր կողմից կատարված մահացու վրաերթի գործով: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կրտսեր Դանիելյանի պաշտպան Հայկ Սարգսյանը: «Իմ պաշտպանյալը կատարվածի վերաբերյալ դեռ դիրքորոշում չի հայտնել: Քննության համապատասխան փուլում մենք դիրքորոշում կհայտնենք»,-ասաց Սարգսյանը: Ինչ վերաբերում է գործի քննությանը, ապա պաշտպանն ասաց, որ որևէ նորություն չկա, փորձաքննություն է նշանակվել, որը կարող է նույնիսկ մի քանի ամիս տևել: «Ավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել: Փորձաքննությամբ պետք է որոշվի դեպքի հանգամանքները: Այդ փորձաքննությունն էլ բավական ժամանակատար է: Կարող է ամիսներ տևել: Այլ բան չեմ կարող գործից հայտնել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը համեմատաբար լավ է: Նշենք, որ վրաերթի գործով տուժող կողմից ոչ ոք առ այսօր բողոք չի ներկայացրել քաղաքապետի որդու դեմ: Մամուլում գրվեց, որ Հրազդանի քաղաքապետը ջանք ու եռանդ չի խնայել տուժող կողմին լռեցնելու հարցում: Ինչը, փաստորեն, հաջողվել է Արամ Դանիելյանին: Փաստաբան Հայկ Սարգսյանը, սակայն, այս հարցի վերաբերյալ հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել: «Բանակցություններից, համոզելուց ես որևէ տեղեկություն չունեմ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ հունիսի 8-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանը, որը գիտակցության չգալով մահացել է: Պարզվել է, որ մեքենայի ղեկին եղել է Հրազդանի քաղաքապետի 17-ամյա որդին: Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ երիտասարդը նույն օրը, ժամը 21-ին ներկայացել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, տվել խոստովանական ցուցմունք, որ ինքն է Վ. Թորոսյանին վրաերթի ենթարկել և դեպքից հետո ինքնազգացողության վատանալու պատճառով դիմել է բուժօգնության: Ռազմիկ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»: Լուսանկարը՝ panorama.am-ի