Տեղի ունեցավ Պուտինի և Թրամփի առերեսումը

07-07-2017 22:17

Գերմանիայի Համբուրգ քաղաքում, Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, որին մասնակցել են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Թիլերսոնն ու Լավրովը: Հանդիպման նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ անգամ համապատասխան մասնագետները քննարկում էին հանդիպման սենյակի դիզայնի կան սեղանին դրված ծաղկային կոմպոզիցիայի խորհուրդը: Հանդիպումը, որը տևեց սպասվածից երկար` երկու ժամից ավելի, տեղի էր ունենում ռուս-ամերիկյան աննախադեպ ճգնաժամի ֆոնին, երբ երկու երկրների հարաբերությունները գտնվում են Սառը պատերազմից հետո ամենացածր մակարդակի վրա: ԱՄՆ-ում շարունակվում է հետաքննությունը Թրամփի թիմի և ռուսական հատուկ ծառայությունների հնարավոր գաղտնի հարաբերությունների և ամերիկյան վերջին ընտրությունների վրա դրանց հնարավոր ազդեցության թեմայով: Մյուս կողմից, Ուկրաինայում և Սիրիայում բախվում են երկու պետությունների կենսական շահերը: Այսօրվա հանդիպման նախորդ օրը Թրամփը Լեհաստանում քննադատել էր Մոսկվայի ապակայունացնող քաղաքականությունն Ուկրաինայում և Սիրիայում: Պուտինը, իր հերթին, Քսանյակի մեկնարկած գագաթնաժողովի առաջին նիստերից մեկում քննադատել է Թրամփի արտաքին առևտրային քաղաքականությունը: Այսօրվա հանդիպման մեկնարկին Թրամփն ու Պուտինը հույս են հայտնել, որ իրենց երկխոսությունը ռացիոնալ մեկնարկ ու շարունակություն կունենա: Ավելի պերճախոս է եղել ԱՄՆ նախագահ Թրամփը, որը ասել է, թե ինքը մեծ պատիվ է համարում Պուտինի հետ Համբուրգում լինելը: Հանդիպման ավարտին` դրա վերաբերյալ որոշ մանրամասներ է հաղորդել արտգործնախարար Լավրովը` նշելով, որ այն կառուցողական է եղել: Պուտինն ու Թրամփը հանգամանալից քննարկել են իրավիճակը Կորեական թերակղզում, Սիրիայում և Ուկրաինայում: Մասնավորապես, նախագահները համաձայնության են եկել հուլիսի 9-ից հրադադար հաստատել Սիրիայի հարավ-արևմուտքում: Սա արդեն բավականին լուրջ առաջընթաց է, սակայն, թերևս, այս հանդիպման միակ առարկայական ձեռքբերումն է. մնացած խնդիրներում Թրամփն ու Պուտինն ավելի շատ վերահաստատել են բարի մտադրությունները` հասնելու փոխադարձ շահավետ պայմանավորվածությունների: Նման հանդիպումների մանրամասներն իմացվում են ավելի ուշ, կամ ավելի ճիշտ` մենք ականատեսն ենք լինում հանդիպումների արդյունքներին, որոնք արձանագրվում են տարբեր տարածաշրջաններում:

1in.am
07-07-2017 22:17