Facebook–ի բարձրաստիճան ներկայացուցիչը հանդիպել է Պակիստանի ՆԳ նախարարի հետ՝ սոցցանցի «աստվածանարգ» կոնտենտը քննարկելու համար։ Հակառակ դեպքում Պակիստանի իշխանությունները սպառնում են արգելափակել Facebook-ը, հայտնում է Reuters-ը։ Հանդիպման առիթն էր դարձել այն, որ Պակիստանում դատարանը 30-ամյա տղամարդուն դատապարտել էր մահվան սոցցանցում աստվածանարգ մեկնաբանությունների համար։ Facebook-ի փոխնախագահ Ջեոլ Կապլանը հանդիպել է Պակիստանի ՆԳ նախարար Նիսար Ալի Խանի հետ։ Վերջինը նշել է, որ Պակիստանը հավատում է արտահայտման ազատությանը, բայց այն չի ներառում իսլամի վիրավորանքն ու կրոնական լարվածության բորբոքումը։ «Մենք չենք կարող թույլատրել որեւէ մեկին չարաշահել սոցցանցերը ՝ կրոնական զգացմունքները վիրավորելու համար»,- ասել է Խանը Facebook-ը հանդիպումն անվանել է «կառուցողական»։ «Facebook-ը հանդիպել է Պակիստանի պաշտոնատար անձանց, որպեսզի արտահայտի ընկերության հանձնառությունը մարդկանց իրավունքների պաշտպանության հարցում, որպեսզի նրանք կարողանան ազատորեն արտահայտել իրենց տեսակետները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ «Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել վերջին դատական գործերի կապակցությամբ ու հասկացրել, որ մենք կիրառում ենք խիստ իրավական ընթացակարգ ցանկացած կառավարական հարցման վերաբերյալ, որը վերաբերում է օգտատերերի տվյալները կամ կոնտենտը սահմանափակելուն»։