Սպահանում Փրկչի հայկական մայր տաճարի մուտքի մոտ, որը իրանցիները անվանում են հայկական «Վանք» բառով, մարդու քանդակ է, որի ձեռքին փոքր առարկա է։ Այդ քանդակը պատկերում է Սեֆյանների օրոք Իրանի զարգացման մեջ հայերի մեծ ավանդի պատմությունը։ Այս մասին գրում է իտալացի լրագրող Սիմոնե Ձոպելարոն իրանական Pars Today պարբերականում: «Քանդակը պատկերում է Խաչատուր Կեչարացուն (1590-1646)՝ Նոր Ջուղայի եպիսկոպոսին։ Խաչատուրի անունը կապված է իր ժամանակի ամենազարմանալի պատմություններից մեկի՝ Իրանում գրքի տպագրության ծննդի հետ»,- նշում է Ձոպելարոն: Լրագրողի խոսքով՝ հայերը տպագրությամբ սկսել են հետաքրքրվել գրեթե դրա հիմնադրման ժամանակից: Նրանք հասկացել են, որ գրքի տպագրությունը լեզուն, մշակույթը և կրոնը պահպանելու լավագույն միջոցն են: Իրանում առաջին տպագրված գիրքը եղել է Դավթի սաղմոսները հայերեն լեզվով՝ 1638 թ: Իսկ 1641 թ. թողարկվել է Հայկական եկեղեցու հայրերի կյանքի մասին հավաքածուն, գրում է իտալացի լրագրողը: