Հալեպի հայկական թաղամասում փակումից չորս տարի անց վերաբացվել է բացօթյա սրճարանը։ Հալեպի Հայկական միության սրճարանը, որը գտնվում է Միդան թաղամասում, բացվել է հունիսին, կառավարական զորքերի կողմից քաղաքի ազատագրումից վեց ամիս անց՝ հայտնում է AFP-ն։ «Այստեղ լինելն ասես երազ լինի։ Ամեն անգամ, երբ այստեղ եմ գալիս, աչքերիս չեմ կարողանում հավատալ։ Մենք ինքներս մեզ ասում ենք ՝ եթե սրճարանը նորից բացվել է, ուրեմն այստեղ նորից մարդիկ կգան»,- ասում է այցելուներից մեկը՝ Թալինե Մինասյանը։ Ինչպես նշվում է, Հալեպում հայկական մեծ համայնք կար։ Սակայն հիմա քաղաքում ընդամենը մոտ 10 հազար հայ է մնացել, քանի որ հազարավոր հայեր մեկնել են Հայաստան, հարևան Լիբանան կամ էլ նույնիսկ ԱՄՆ, Կանադա ու Եվրոպա։ «Միդանը գրեթե ամայացել էր։ Շատ ընտանիքներ են հեռացել»,- պատմում է Թալինեն։ Թալինեի ամուսինը մտադիր է այստեղ նորից բացել անվադողերի խանութ։ Ինչպես նշում է ատամնաբույժ Հարություն Կախվեդյանը, սրճարանի բացումը նշանակում է երջանիկ օրերի վերադարձ։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Լիբանան, սակայն ինքը մնացել է Հալեպում։ Բարդ ժամանակներում նա նույնիսկ օգնել է բուժել վիրավորներն հայկական կենտրոնում։