Մեծ քանակությամբ D վիտամինը կարող է օգնել արևային այրվածքները հաղթահարելուն. գիտնականներ

08-07-2017 00:48

Մասնագետներն ամենևին խորհուրդ չեն տալիս արևահարվել, առավել ևս՝ արևայրուք ստանալ: Սակայն ի՞նչ անել, եթե դա, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: Այս հարցի կապակցությամբ իրենց կարծիքն են ներկայացրել Case Western Reserve University School of Medicine-ի և University Hospitals Cleveland Medical Center-ի գիտնականները: Journal of Investigative Dermatology-ում հրապարակված նրանց հետազոտությամբ պարզվել է, որ D վիտամինի բարձր չափաքանակը, որ ընդունվում է այրվածք ստանալուց հետո մեկ ժամ անց, զգալիորեն կրճատում է մաշկի կարմրությունը, այտուցը և բորբոքումը: Գիտնականները հետազոտության մեջ 20 մարդու են ընդգրկել, որոնց ուլտրամանուշակագույն լամպով ճառագայթահարելուց մեկ ժամ անց կամայական կարգով պլացեբո, D վիտամինի 50000, 100000 կամ 200000 միավոր չափաքանակ են տվել: Այնուհետև 24, 48 և 72 ժամ հետո գիտնականները ստուգել են (ձեռքի) ճառագայթահարված հատվածի վիճակը և մաշկի բիոպսիա են կատարել: Պարզվել է, որ վիտամինի ամենամեծ չափաքանակ ստացած կամավորների մոտ առավել երկարատև դրական էֆեկտ է գրանցվել: Նրանց մոտ այրվածքից հետո 48 ժամ անց բորբոքման նշաններն ավելի քիչ են եղել, քիչ էին նաև կարմրությունն ու գենի ակտիվացման մարկերները, որոնք կապված են մաշկածածկույթի բորբոքման հետ: Գիտնականների խոսքով` D վիտամինը մաշկի մեջ մեծացնում է հակաբորբոքային էնզիմ արգինազա-1-ի խտությունը: Այս էնզիմը ուժեղացնում է հյուսվածքների վերականգնման պրոցեսը և ակտիվացնում մյուս հակաբորբոքային սպիտակուցները: Իհարկե, մեկ խնդիր կա` հետազոտության ժամանակ կիրառված չափաքանակները զգալիորեն գերազանցում են խորհուրդ տրվող օրական նորման: Իսկ վիտամինների ավելցուկը նույնքան վտանգավոր է, որքան պակասը:

1in.am
08-07-2017 00:48