Եվրոպան պետք է լրացնի Թրամփի թողած վակուումը. Le Monde, Ֆրանսիա

09-07-2017 18:15

Մինչ G20-ի ղեկավարները պատրաստվում էին հուլիսի 7-ին և 8-ին Համբուրգում տեղի ունեցած հանդիպմանը, Դոնալդ Թրամփը բոլորից հեռու էր մնում: Ազատ առևտրի, կլիմայի փոփոխության և G20-ի ծրագրի այլ կենտոնական հարցերում առաջնորդելու փոխարեն՝ ԱՄՆ նախագահը աշխատանքից դուրս էր և մենակ նստած էր դեմքի դժգոհ արտահայտությամբ: Այս մասին գրում է ֆրանսիական Le Monde թերթը: Թրամփն արդեն ԱՄՆ-ին խորագույն մեկուսացման մեջ է դրել շատ ճակատներում: Նա հարված հասցրեց ազատ առևտրին, հրաժարվեց Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից և պրոտեկցիոնիզմի նոր դարաշրջան խոստացավ: Այս տարվա մայիսին Եվրոպա առաջին ուղևորության ընթացքում նա իր դեմ տրամադրեց Ամերիկայի ամենամոտ դեմոկրատ դաշնակիցներին՝ նրանց կշտամբելով պաշտպանության համար ոչ բավարար միջոցներ հատկացնելու համար և Գերմանիային «շատ վատն» անվանելով նրա արտաքին առևտրի դրական հաշվեկշռի պատճառով: «Միայն Ամերիկա» Որոշ ժամանակ անց Թրամփը դուրս եկավ նաև Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից՝ այդպիսով իր Ամերիկան հակադրելով աշխարհի շատ երկրների: Այդ բոլոր նախաձեռնությունները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին դրդեցին, որպեսզի հայտարարի, որ եվրոպացիները «պետք է սեփական ճակատագիրն իրենց ձեռքը վերցնեն»: Մեր առջև ուրվագծվում է ոչ թե աշխարհ առանց Արևմուտքի, այլ Արևմուտք առանց ԱՄՆ-ի: Հիմա, երբ հստակորեն հասկացրեց, որ «Ամերիկան՝ ամենից առաջ» կարգախոսն իրականում նշանակում է «Միայն Ամերիկա», Եվրոպան այլևս չի կարող ապավինել Վաշինգտոնին: Թրամփը բիզնեսմեն է, ոչ թե պետական գործիչ: Նա ցանկացած հարաբերություն գործարք է համարում և իր դեմոկրատ դաշնակիցներին վերաբերվում է որպես վարձակալների. եթե նրանք ժամանակին վճարում են բնակարանի համար, կարող են մնալ: Եթե ոչ, ապա ժամանակն է, որ հեռանան: ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների հարաբերությունները դուրս են գալիս այն շրջանակներից, թե ով և որքան է վճարում: Արևմտյան աշխարհի մոգությունը հենց այն է, որ նրան հաջողվել է հեռանալ հին աշխարհից նրա հակամարտ խաղով, որտեղ յուրաքանչյուրը հանդես էր գալիս իր համար: Չափազանց շատ պատերազմներից հետո ատլանտյան դեմոկրատները հասկացան, որ արյունահեղության կանխարգելման համար պետք է կառուցել միջազգային հանրություն, որը կհիմնվեր վստահության, նախապես հաստատված կանոնների, բազմակողմ ինստիտուտների և ազատ առևտրի վրա: Ատլանտյան համայնքի անդամները կարճաժամկետ շահը զոհաբերեցին հանուն երկարաժամկետ համերաշխության: Անհամաչափ ազդեցություն Թրամփը մոռացել է այս պատմությունը կամ այն սրերով է ընդունում: Այդ պատճառով Արևմուտքի ապագան հիմա Եվոպայի ձեռքում է: Հարցն այն է՝ կարող է արդյոք ԵՄ-ն, որն արդեն ստիպված է լինում գործ ունենալ Brexit-ի և սեփական պոպուլիստների հետ, արևմտյան աշխարհի կենտրոնը դառնալ: Ներկայումս ո՛չ Գերմանիան, ո՛չ ամբողջ ԵՄ-ն պատրաստ չեն ստանձնել այդ դերը: Համենայն դեպս, բացառված չէ, որ Թրամփի նախագահությունը Եվրոպայի համար այնպիսի շոկ կլինի, որ վերջինս իր մեջ հակահարված տալու ուժ գտնի: Պարբերականը նշում է, որ ԵՄ-ն ավելի պատրաստված կլինի Թրամփի Ամերիկայի թողած առաջնորդության վակուումը լրացնելու համար, եթե հետևյալ միջոցները ձեռնարկի: Նախևառաջ ԵՄ-ին անհրաժեշտ է որոշումների ընդունման ավելի հավասարակշռված համակարգ: Գերմանիան անհամաչափ ազդեցություն է ստացել, որը վնասում է հենց իրեն, քանի որ իր դեմ է տրամադրում եվրոպացի գործընկերներին: Նույնիսկ եթե Բեռլինի ձայնը մնա ամենաբարձրը ԵՄ-ում, պետությունների շրջանակը պետք է ընդլայնվի և մեծ նշանակություն ստանա: Հավաքական կառավարման զարգացում Ֆրանսիայի քաղաքական վերադարձն Էմանուել Մակրոնի հովանու ներքո, անշուշտ, նպաստում է դրան, սակայն Brexit-ի և Մեծ Բրիտանիայի թողած քաղաքական խառնաշփոթի լույսի ներքո Ֆրանսիան և Գերմանիան պետք է սովորություն դարձնեն պայմանավորվել Իտալիայի, Իսպանիայի և որոշ այլ պակաս նշանակալի պետությունների հետ: Եթե ԵՄ-ն մտադիր է Արևմուտքի առաջնորդը դառնալ, նրան պետք է իր բոլոր անդամների աջակցությունը: Երկրորդ՝ չնայած ձախ և աջ պոպուլիստների շրջանում հակաեվրոպական տրամադրություններին՝ ԵՄ-ն պետք է ընդլայնի հավաքական կառավարումը տնտեսության, արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերում: Նա չի կարողանա արդյունավետ կառավարում ապահովել առանց ավելի կենտրոնացած և ակտիվ գործողությունների ունակ ինստիտուտների: ԱՄՆ-ի հետ ձևավորվող տարաձայնությունները կարող են եվրոպացիներին դրդել շարունակել միավորումը: Այլ դաշնակիցներ Երրորդ՝ բազմակողմ համակարգից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքները փոխհատուցելու համար ԵՄ-ն պետք է ձգտի ավելի արդյունավետ գործընկերային հարաբերությունների մյուս երկրների, այդ թվում՝ ոչ ժողովրդավարական ռեժիմների հետ: Կամա թե ակամա Թրամփը խաթարում է Ամերիկայի ազդեցությունը և Եվրոպային ստիպում է դիմել մյուս դաշնակիցներին կոալիցիաների ձևավորման համար: Փաստը, որ տարիների ընթացքում ԵՄ-ն կարող է կլիմայի փոփոխության դեմ պայքարում ԱՄՆ-ի համեմատ ավելի նախընտրելի գործընկեր ձեռք բերել հանձին Չինաստանի, դրա հիանալի օրինակ է: Վերջապես, ԵՄ-ն պետք է պահպանի «ատլանտյան» դիրքորոշումը և շարունակի ԱՄՆ-ին դիտարկել որպես արտոնյալ գործընկեր, որը կուզենար ունենալ իր կողմում նույնիսկ եթե անդրատլանտյան հարաբերությունները գնալով ավելի են գործարքի նմանվում: Վերջիվերջո, ատլանտյան միությունը երկար տարիներ բարգավաճում էր ընդհանուր շահերի վրա հենվելով, ոչ թե միայն զգացմունքների և արժեքների: Նույնիսկ եթե Թրամփը շարժվում է առաջին հերթին ծախսերի և շահույթի կարճաժամկետ հաշվարկով, Եվրոպայի հետ աշխատանքն ամենից հաճախ նրա համար հաջող գործարք կլինի: Սահմանափակ շրջան Այսպիսի հեռանկարով Գերմանիան պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը և միջոցներ ձեռնարկի ներքին պահանջարկը խթանելու համար, ինչը ոչ միայն Թրամփի սրտով կլիներ, այլև առաջ կմղեր տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը, որոնց կարիքն այդքան ունի եվրոգոտին: Բացի դրանից՝ եվրոպացիները չպետք է մոռանան, որ Թրամփի ժամանակաշրջանը, փառք Աստծո, սահմանափակված է ժամանակով: Ներկայիս առաջնորդն ակնհայտորեն «չի տեղավորվում» գերիշխող քաղաքական հոսքի մեջ, ինչը դրա ղեկավարությանը դարձնում է շեղում նորմայից, ոչ թե ազդանշան այն մասին, թե ինչ տեղի կունենա ապագայում: Ամերիկան կվերադառնա, իսկ առայժմ արևմտյան ամրության պաշտպանության առաջադրանքը ԵՄ-ի ուսերին է:

1in.am
09-07-2017 18:15