Արցախը ո՛չ Քոչարյանն է, ո՛չ էլ Սարգսյանը

10-07-2017 00:00

Արցախի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու քաղաքագետներն ըստ էության հրաժարվում են խոսել ԼՂՀ ներքաղաքական զարգացումների մասին՝ ասելով, թե ամեն բան որոշվում է Երևանում: Նրանց գնահատականը, դժբախտաբար, մոտ է իրականությանը, և, օրինակ, կասկած չկա, որ նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի երրորդ առաջադրման հարցը որոշվել է Երևանում՝ Սերժ Սարգսյանի մակարդակով: Այս հանգամանքը կասկածի տակ է դնում ԼՂՀ-ի սեփական քաղաքականությունն ունենալու իրավունքը և առհասարակ հեղինակազրկում է հայկական երկրորդ հանրապետության քաղաքական համակարգը, իշխանություններին: Հայաստանի և Արցախի մեկ համակարգի մաս լինելը, ընդհանուր հայրենիք լինելու գաղափարը չպետք է հանգեցներ ԼՂՀ-ում պետական և քաղաքական կյանքի դեգրադացիային: Հատկապես ներքին քաղաքականության, հայկական ընդհանուր օրակարգի ձևավորման և ԼՂ խնդրի կարգավորման հարցերում Արցախի իշխանությունը և հասարակությունը պետք է ունենան ընդգծված սուբյեկտայնություն, սեփական տեսակետ, այն առաջ տանելու կամք և վճռականություն: ԼՂ խնդրի միջազգային ընկալման, ինքնորոշման իրավունքի գաղափարի գերակայության տեսանկյունից համարժեք չի ընկալվում Արցախի սուբյեկտայնության նվազեցման այն քաղաքականությունը, որ վարվում է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից: Եթե Հայաստանի նախագահները ծագումով ղարաբաղցիներ են, ապա դա նրանց քաղաքական, իրավական, բարոյական իրավունք չի տալիս իրենց անձը նույնացնելու Արցախի հետ՝ նրա սուբյեկտայնությունը կասկածի տակ դնելու գնով: Ռոբերտ Քոչարյանի այդ արկածախնդրությունը հասցրեց նրան, որ 1998թ.-ից հետո Արցախը դուրս մղվեց կարգավորման բանակցային գործընթացից, ինչն անխուսափելիորեն հանգեցրեց հակամարտության ձևաչափի տրանսֆորմացիային, բովանդակության ձևախեղմանը: Երբ Հայաստանը միջնորդներից, միջազգային հանրությունից պահանջում է Արցախին վերադարձնել բանակցային գործընթաց՝ պնդելով, որ առանց գործընթացին նրա լիարժեք մասնակցության հնարավոր չէ հակամարտության լիարժեք կարգավորում, սակայն ԼՂՀ պետական և քաղաքական կյանքն ամբողջովին ենթակա է դարձնում հայաստանյան համակարգին, ապա Երևանի միջազգային պահանջները կորցնում են իրենց լեգիտիմությունը՝ նույնիսկ չարժանանալով լուրջ քննարկման: Արցախը ոչ Ռոբերտ Քոչարյանն է, ոչ էլ Սերժ Սարգսյանը, այլ այնտեղ ապրող ժողովուրդը, ով ինքնուրույն իշխանություն ձևավորելու և իր ճակատագիրը որոշելու իրավունք ունի:   Լուսանկարը՝  Photolure-ի

1in.am
10-07-2017 00:00