Ինչո՞ւ է Նալբանդյանը Լավրովի հետ հանդիպմանը շրջանցել ռուսական սպառազինության հարցը

11-07-2017 19:00

Մաուրեբախում` ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Հանդիպման օրակարգում, ըստ պաշտոնական տեղեկատվության, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն էր: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։ Դատելով պաշտոնական տեղեկատվությունից` Նալբանդյանը Լավրովի առաջ չի բարձրացրել Ռուսաստանի՝ ադրբեջանական սպառազինության մատակարարման հարցը, թեև այսօր այն առանցքայինն է ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլ նաև ԼՂ կարգավորման գործընթացում, որովհետև պատերազմի վերսկսման վտանգն առավել քան իրական է: Այս իրավիճակում, երբ, ըստ էության, ռուսական քարտ բլանշով Ադրբեջանը սանձազերծում է նոր պատերազմ, Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ ժամանակավրեպ է քննարկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հարցը: Այդ պայմանավորվածությունների անհրաժեշտությունը գուցե անգամ չլիներ, եթե Ռուսաստանը տարիներ շարունակ ինտենսիվորեն չսպառազիներ Ադրբեջանին, անցած ապրիլին վերջինիս չդրդեր պատերազմի: Կամ Ադրբեջանը վաղուց կատարած կլիներ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, եթե պատերազմի սանձազերծման հարցում չունենար Ռուսաստանի ռազմական և քաղաքական աջակցությունը: Այս ճշմարտությունները հրաշալի հասկանում է նաև Էդվարդ Նալբանդյանը, սակայն համարձակություն չունի այս հարցերը բարձրացնել իր ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը: Սերժ Սարգսյանը կամ Էդվարդ Նալբանդյանը երբևէ իրենց ռուսաստանցի գործընկերների հետ հանդիպմանը հանդես չեն եկել սկզբունքային հարցադրումներով, իրենց զրուցակիցների առջև չեն դրել կոնկրետ խնդիրներ: Սա է պատճառը, որ Լավրովը գերադասում է բանակցել Մամեդյարովի հետ, իսկ Նալբանդյանին թելադրել:

1in.am
11-07-2017 19:00