Նիկոլը շփոթել էր՝ Հայաստանում սեքս չկա

11-07-2017 20:27

Ազգային ժողովում ԿԸՀ հաշվետվության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ընդդիմադիրները տեսնում են վարչական ռեսուրսի չարաշահման խնդիր, իսկ ԿԸՀ-ն դա չի տեսնում: «Հիմա ասում եք՝ փաստաթղթի պծիչկեն ճիշտ չի դրած, այս բանը ճիշտ չի դրած, բայց հիմա դուք կարո՞ղ եք ասել, ի վերջո ՀՀ-ում սեքս կա՞, թե՞ չկա, նկատի ունեմ՝ ընտրակաշառքը եւ վարչական ռեսուրսի չարաշահումը», հարցրել էր Նիկոլը ԿԸՀ նախագահին: Սովետական Միությունում սեքս չկա, պերեստրոյկայի տարիներին արժանապատվորեն հայտարարել էր մի սովետական կին պաշտոնյա: Նրան ծաղրում էին, բայց կար մի հանգամանք՝ սեքսը համարվում էր բուրժուական այլասերվածություն, իսկ Սովետական միությունում օրինական էր միայն ԶԱԳՍ-ով գրանցված զուգավորումը: Նիկոլը բերել էր այդ կնոջ օրինակը, եւ իր այդ հարցով երեւի ուզում էր ասել, որ Հայաստանում ընտրակաշառքն ու կեղծիքը նույնքան տրիվիալ բան են, որքան սեքսը: Բայց օրինակը մի քիչ այն չէր: Հայաստանից ամեն տարի հարյուր հազարավոր աշխատունակ տղամարդիկ մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Նրանցից շատերը հետո այլեւս չեն վերադառնում, տանելով նաեւ իրենց ընտանիքները, շատերը, ըստ վիճակագրության՝ 10 տոկոսը, պարզապես լքում են իրենց ընտանիքներն ու կրկին չեն վերադառնում: Հայ տղամարդկանց այդ քայլին դրդում է նախ սոցիալական վիճակը, երկրորդ՝ ազատ սեքսի ձգտումը: «Հենց նստում ենք սամալյոտ, առաջինը Նատաշաների մասին ենք մտածում», մեր թղթակցին ասել է մի վաստակաշատ խոպանչի: Սա հայ-ռուսական դարավոր բարեկամության թերեւս միակ հուզիչ պահն է, որը կարող է քաղաքական հետեւանքներ ունենալ: «Եթե բոլոր պաղեստինցի աղջիկները քեզ պես են, մենք պատրաստ ենք ճանաչել Պաղեստինի ինքնորոշման իրավունքը», ասում էր Ռուբինչիկը պաղեստինցի գրոհային աղջկան սեքսից հետո: «Եթե բոլոր հրեա տղամարդիկ քեզ պես են, մենք էլ պատրաստ ենք ճանաչել Իսրայելի գոյության իրավունքը», ասել էր աղջիկն ի պատասխան: Այնպես որ, հայ տղամարդիկ դրսում անելիք ունեն: Բայց դառնանք ներսին: Հայաստանում ոչ ապրուստ կա, ոչ էլ սեքս, առավել եւս, որ «հայ կնոջը հարիր չէ սեքսը»՝ ըստ առաքելական-հանրապետական իշխող վարդապետության ու համակարգի: Նախկին վարչապետը արդարացնում էր արտագաղթը՝ մնան, որ հեղափոխությո՞ւն անեն: Այստեղ մի ճշգրտում պետք է մտցնել՝ եթե Հայաստանում սեքս լիներ, տղամարդիկ կմնային ու հեղափոխություն կանեին, հանուն ազատ կամարտահայտման: Եվ գուցե այդ ժամանակ ընտրություններն էլ ուրիշ լինեին, Նիկոլն էլ այդ հարցը չտար ԿԸՀ խեղճուկրակ նախագահին, որի ձեռքին միայն մոնիտորն է՝ արդեն կեղծված տվյալներով:

Lragir.am
11-07-2017 20:27