ԱՄՆ Ֆլորիդա նահանգի լողափերից մեկում մոտ 80 մարդ 100մ երկարությամբ կենդանի շղթա է կազմել, որպեսզի փրկի ուժեղ հոսանքի հետևանքով ափից հեռացած ու խեղդվելու վտանգի մեջ գտնվող ընտանիքին: Ինչպես հայտնում է CBS-ը, Ռոբերտա Ուրսրեյն ընտանիքով հանգստանալիս է եղել լողափին, երբ նկատել է, որ իր 2 որդիներն անհետացել են տեսադաշտից: Շուտով կինը նկատել է, որ ուժեղ հոսանքը երեխաներին հեռացնում է ափից: Նա անմիջապես նետվել է օգնության, կնոջ հետևից ջուրն է մտել ընտանիքի ևս 6 անդամ: Սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել դիմակայել ջրային տարերքին: Խեղդվողներին օգնության են շտապել անծանոթները՝ այդ թվում նաև նրանք, ովքեր լողալ չգիտեն: Նրանք որոշել են կենդանի շղթա կազմել, ու դրա օգնությամբ հնարավոր է դարձել խուսափել ողբերգությունից: «Այնքան երախտապարտ եմ: Ես նրանց պարտական եմ իմ և ընտանիքիս կյանքով»,- ասել է Ուրսրեյը: Աղբյուրը հավելում է, որ միջադեպի հետևանքով կնոջ մայրը ջրում գտնվելու ընթացքում սրտի կաթված է ստացել ու հոսպիտալացվել է: Մյուսների հետ ամեն ինչ կարգին է: