Ադրբեջանը ձախողվեց Իրանի ներսում. Թեհրանն ուշագրավ ակնարկներ է անում Ղարաբաղի մասին

12-07-2017 00:15

Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ գնալով ավելի հետաքրքիր երանգներ է ստանում: Իրանական IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հուլիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել է հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական շփման գծում, մասնավորապես՝ ադրբեջանական Արխանլու գյուղի հատվածում գրանցված հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Ղասեմին հույս է հայտնել, որ տարածաշրջանում կլինի կայունություն և խաղաղություն, և նախազգուշացրել է «բռնություն հրահրող թշնամական դավադրությունների մասին»։ «Ցավոք, օտարերկրյա տարրերը որոշակի պահերի ձգտում են ուժեղացնել լարվածությունը տարածաշրջանում, ինչը նպաստում է տարաձայնությունների խորացմանը: Ցավում ենք տեղի ունեցածի համար և հուսով ենք, որ տարածաշրջանում կայունության ապահովման վկաները կդառնանք»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը: Ղասեմիի այս մեկնաբանությունն այս տարվա մեջ երրորդ ուշագրավ հայտարարությունն է պաշտոնական Թեհրանի կողմից: Մայիսին նույն Ղասեմին հայտարարել էր, որ անհնար է լուծել ղարաբաղյան խնդիրը՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերակատարությունը, և որ ժողովրդի կամքը որոշիչ է լինելու հակամարտության կարգավորման գործում: Իսկ նախորդ ամսվա վերջին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ընթացքում խոսել էր Ղարաբաղյան հակամարտությանը Իսրայելի ներգրավվածության մասին՝ զգուշացնելով, Իսրայելի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը բացասական հետևանքներ է ունենալու: Իրանը շեշտում է Մինսկի խմբի դերը Ի՞նչ է այս անգամ հասկացնում տարածաշրջանում խիստ ազդեցիկ, բայց միաժամանակ ղարաբաղյան հարցում բավական զգուշավոր ու հավասարակշռված Իրանը, ի՞նչ ուժերի մասին են ակնարկում իրանցիները: Իրանագետ Էմմա Բեգիջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց որոշ մանրամասներ Իրանի ԱԳՆ խոսնակի վերջին հայտարարության մասին՝ տեղեկացնելով, որ Բահրամ Ղասեմին իր այդ խոսքը Ղարաբաղի մասին ասել է՝ ի պատասխան լրագրողների կողմից հնչեցված վերջին հարցի: Իրանական դիրքորոշման մեջ ամենակարևոր շեշտադրումներից մեկը, որն առանձնացրեց մասնագետը, Իրանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելն է: Իրանը հույս ունի, որ Մինսկի խումբը կկատարի իր պարտավորությունները՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ: «Դա Իրանի պաշտոնական տեսակետն է: Նրանք միշտ ասում են, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից: Նա նշել է, որ ղարաբաղյան հարցում միջնորդական առաջին առաքելությունն իրականացրել է Իրանը, որը հիմա էլ հույս ունի, որ Մինսկի խումբը կկատարի իր պարտականությունները: Բայց նրանք միշտ շեշտում են դրսի ուժերի՝ կոնֆլիկտին միջամտելու անթույլատրելիության մասին, թեև Ղասեմին չի կոնկրետացնում, թե ո՞ր երկրի մասին է խոսքը: Հաշվի առնելով Իրան-ԱՄՆ փոխհարաբերությունները՝ կարելի է ենթադրել, որ դա, օրինակ, Միացյալ Նահանգներն է կամ ավելի շուտ՝ Իսրայելը: Ղասեմին նաև ավելացրել է, որ այդ բախումները տեղի են ունենում Իրանի անմիջական հարևանությամբ, այսինքն՝ հետևանքները կարող են անդրադառնալ առաջին հերթին անմիջական հարևանների վրա: Իրանի մտահոգությունը հիմնականում այն է, լարվածությունը հակամարտության գոտում չսրվի: Նա շատ հստակ ասել է, որ ցանկացած լարվածություն, բարդություն բացասական հետևանքներ է ունենալու նաև Իրանի համար, և բնական է, որ Իրանը դեմ է դրան: Իրանը կողմ է հարցը լուծել բանակցային գործընթացի միջոցով, հատկապես, որ Ղասեմին շեշտում է, թե Մինսկի խումբը պետք է կատարի իր պարտականությունները: Սա կարևոր հանգամանք է: Այսինքն՝ իրանցիներն ընդունում են, որ եթե Մինսկի խումբը պարտավորվել է այնպես անել, որ խնդիրը լուծվի ոչ թե ռազմական, այլ խաղաղ ճանապարհով, ուրեմն պետք է կատարի իր պարտականությունները»,- մեկնաբանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը: Ադրբեջանական լոբբին զիջում է դիրքերը Իրանում Հայտնի է, որ հուլիսի 4-ին հայկական և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի ունեցած փոխհրաձգության, իսկ ավելի ճիշտ՝ ադրբեջանական զինուժի կազմակերպած սադրանքի հետևանքով եղել են զոհեր նաև ադրբեջանական Արխանլու գյուղի բնակչության շրջանում: Ադրբեջանցիներն ուղղակիորեն Արխանլու գյուղի բնակչությանը դարձրել էին կենդանի վահան՝ ռազմական տեխնիկա տեղադրելով այդ գյուղի տարածքում և հրթիռակոծելով հայկական կողմի դիրքերը, որից հետո Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ստիպված էին եղել պատասխան գործողություններ իրականացնել՝ հակառակորդի ռազմական ակտիվությունը ճնշելու համար: Բաքուն, բնականաբար, փորձեց միջազգային մեծ աղմուկ բարձրացնել՝ հնարավոր բոլոր միջոցներով շահարկելով 1967 թ. ծնված Սահիբա Գուլիևայի և հատկապես մանկահասակ Զահրա Գուլիևայի զոհվելու հանգամանքը: Այս իրադարձություններն Իրանի ներսում փորձել են շահարկել նաև ադրբեջանական շահերի պաշտպանները: ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Վարդան Ոսկանյանը տեղեկացնում է, որ այս օրերին ադրբեջանցի մանկահասակ աղջկա սպանվելու կապակցությամբ ադրբեջանամետ դիրքորոշումներով Իրանում աչքի են ընկել Արդաբիլի ուրբաթօրյա աղոթապետ Հասան Ամելին, Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մանսուր Հաղիղաթփուրը և նույն խորհրդարանի՝ Ուրմիայից ընտրված պատգամավոր Ռուհոլլահ Հազրաթփուրը: «Ուշագրավ է, որ Ատրպատականի կենտրոն Թավրիզը ներկայացնող իրանցի որևէ քաղաքական, կրոնական կամ հասարակական գործիչ նշված իրադարձության կապակցությամբ ադրբեջանամետ հայտարարությամբ կամ դիրքորոշմամբ առայժմ հանդես չի եկել, ինչը ցուցիչ է առ այն, որ պանթյուրքական եզրաբանությամբ՝ «Մեծ Ադրբեջանի մայրաքաղաքում» Բաքվի բռնապետական վարչակարգը լրջորեն զիջել է դիրքերը՝ Իրանի ներսում ադրբեջանամետ լոբբինգ ապահովելու գործում և որոշակի հաջողության հասել միայն Ատրպատականի «ծայրամասային» հատվածներում, ինչն այդքան էլ տպավորիչ չէ՝ հաշվի առնելով հատկապես ադրբեջանական ծախսված ռեսուրսների ծավալները»,- գրել է իրանագետ Վ. Ոսկանյանը: Այս հանգամանքը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց նաև Թեհրանում տպագրվող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ ասելով, որ Իրանի թյուրքախոս բնակչության տրամադրությունները, իհարկե, չեն կարող չազդել Իրանի հանրության ընկալումների վրա, սակայն Իրանի արտգործնախարարության վերոնշյալ հայտարարությունը, փաստորեն, առոչինչ է դարձրել Ուրմիայից ընտրված պատգամավորի՝ Իրանի Մեջլիսում հնչեցրած դժգոհությունը հայկական զինուժի գործողությունների մասին: «Վերջերս Ուրմիայի ներկայացուցիչը Իրանի Մեջլիսում բողոքեց, թե Իրանի արտգործնախարարությունը լռում է «ադրբեջանական զոհերի» հարցում: Իրանի արտգործնախարարությունն այս հայտարարությամբ, փաստորեն, ոչնչի դրեց այդ խոսակցությունը, որովհետև իրանցիներն ավելի շատ կարևորում են պետական շահը և դիրքորոշումը: Լռելյայն այդ հարցից անցնելը ցույց տվեց, որ այդ տեսակ մարդկանց հայտարարությունները գործին չեն ծառայում: Եթե մարդը պիտի վեր կենա և թունդ բառերով խոսի, թե սա «մարդասպանություն է հայերի կողմից, և մենք պիտի դիրքորոշվենք», և պաշտոնական Թեհրանը դրանից հետո լուռ շրջանցում է հարցը, դա արդեն շատ բան է ասում, որ այդքան էլ ազդեցություն չունեն: Համենայնդեպս, չենք կարող հաշվի չառնել, որ թյուրքախոս որոշ հոգևորականների և աշխարհիկ գործիչների նման հայտարարությունները թողնում են իրենց ազդեցությունը պարզ հասարակության վրա»,- նշեց իրանահայ գործիչը: Իրանի անհանգստությունն անկայունությո՞ւնն է արցախյան հակամարտության գոտում, նոր հակամարտության բռնկման վտա՞նգը, թե՞ ավելի շատ «արտաքին միջամտությունը» կոնֆլիկտին և մասնավորապես Իսրայելի ներգրավումը այս գործընթացին: Ինչպես տեսանք վերևում, իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ Իրանի հիմնական մտահոգությունն այն է, որ տարածաշրջանում պահպանվի կայունությունը, և ռազմական լարվածությունը հայկական և ադրբեջանական ուժերի միջև չսրվի: Պատասխանելով նույն հարցին՝ Մովսես Քեշիշյանը կարծիք հայտնեց, որ Իրանին ավելի շատ կարող է մտահոգել միջազգային ուժերի ներկայությունը տարածաշրջանում և հակաիրանական գործունեության ծավալումն այդ հողի վրա: «Իրանը պիտի որոշակի դիրքորոշում հայտարարի՝ ելնելով իր շահերից: Դա բնական է և այդպես էլ լինում է: Դրա կողքին հավանաբար նկատում եք, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակիորեն խոսում են, թե սիրիական հարցում Իրանը մի կողմ դրվի, և իրենք հարցերը վերևից լուծեն, ինչը մի քիչ աննորմալ է՝ հատկապես հաշվի առնելով Իրանի հզոր ներկայությունը տարածաշրջանում և Սիրիայում: Նույն ձևով տարածաշրջանի այլ հարցերում Իրանին հաշվի չառնելը ինքնաբերաբար կպարտադրի Իրանին հստակ արտահայտելու իր դիրքորոշումը: Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունն ավելի շուտ այստեղից է գալիս»,- ավելացրեց «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը:

1in.am
12-07-2017 00:15