Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո պիտի սպասենք Բաքվի կողմից ռազմական նոր սադրանքների

12-07-2017 19:00

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը, որը կազմակերպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Այս անգամ էլ կողմերը տարածել են գրեթե ոչինչ չասող կամ որևէ նորություն չպարունակող հայտարարություններ: Մասնավորապես, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, թե ՀՀ արտգործնախարարը հանդիպման ընթացքում ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը՝ շեշտելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: ՀՀ ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ եռանախագահները երկու նախարարներին խնդրել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում հանդիպում կազմակերպելու մասին: Կողմերը նաև պայմանավորվածություն են ձեռք բերել արտգործնախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել ս. թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին պաշտոնական հայտարարություններից ակնհայտ է, որ կողմերի դիրքորոշումները բանակցությունների վերսկսման հարցի մասին պահպանվում են, և Հայաստանն ակնհայտորեն նահանջ չի կատարել իր նախկին պահանջներից: Սրանք ոչ միայն հայկական կողմի, այլև համանախագահի պահանջներն են: Ի՞նչն է այդ պահանջների էությունը: Ինչպես հիշում ենք, հայկական կողմը դեռևս Ապրիլյան պատերազմից հետո առաջադրեց երեք պահանջ, որոնց կատարման դեպքում միայն հայկական կողմը իմաստ կտեսնի Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու մեջ: Ավելի ուշ այդ պահանջները, ըստ էության, արտացոլվեցին Վիեննայում ձեռքբերված համաձայնություններում: Դրանք վերաբերում էին շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, անվտանգության ամրապնդման մեխանիզմների ստեղծմանը: Հայտնի է նաև, որ Ադրբեջանը չի համաձայնվում այդ պայմանավորվածությունների կատարմանը՝ պնդելով, որ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը կամրապնդի ստատուս-քվոն, ինչը բխում է Հայաստանի շահերից: Եվ պատահական չէ, որ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, առաջին հերթին, նշվում է հայկական կողմի այս պահանջը՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը: «Հայաստանի ԱԳՆ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առաջին տեղում շարունակում է մնալ բանակցությունների համար պայմանների ստեղծման և Վիեննայի պայմանավորվածությունների կատարման պահանջը՝ մի բան, որը, բնականաբար, չի կարող գոհացնել Ադրբեջանին: Ադրբեջանը հանդիպումից առաջ փորձում էր ոչ միայն շիկացման միջոցով ճնշում գործադրել հայկական կողմի վրա և նրան տանել դեպի «սուբստանտիվ բանակցություններ», այլև Ռուսաստանի մոտ ցույց տալ, թե իրականում ռուսական օրակարգին հավատարիմ է Բաքուն, բայց ոչ Երևանը»,- մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը: Քաղաքագետը սրանից անում է եզրակացություն, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից հետո Ադրբեջանն ակնհայտորեն փորձելու է արտահայտել իր «հիասթափությունը», և դա անելու է ոչ միայն դիվանագիտական խողովակներով՝ կրկին ներկայացնելով, թե Հայաստանը պատրաստ չէ բովանդակային բանակցությունների, այլև շարունակելու է լոկալ և արյունոտ միջադեպերի իր ստրատեգիան սահմանի վրա: «Համենայնդեպս, կարելի է ասել, որ այս հանդիպումը կոնֆլիկտի կառավարման առումով գրեթե ոչինչ չի տվել»,- ավելացրեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով այն կետին, որ համանախագահները փորձում են նախագահներ Սարգսյանի և Ալիևի նոր գագաթնաժողով կազմակերպել, Ստեփան Սաֆարյանը պարզաբանեց, որ ամեն դեպքում համանախագահները հակամարտության կարգավորման տեսանկյունից փորձում են բանակցային ձևաչափը բարձրացնել նախագահների մակարդակի, և բնական է, որ Մինսկի խումբը փորձում է «կողմերին բերել բարձր մակարդակով բանակցությունների դաշտ»: «Այս առումով հայկական կողմի դիրքային առավելություններն ակնհայտ են, որովհետև Հայաստանի համար հակամարտության կառավարման մեթոդները միանգամայն համընկնում են Վիեննայի պայմանավորվածություններին, և այս իմաստով հայկական կողմը շահեկան դիրքերում է»,- նշեց քաղաքագետը:

1in.am
12-07-2017 19:00