Սեուլը ռազմական բանակցություններ է առաջարկել Փխենյանին

17-07-2017 00:00

Կորեայի Հանրապետությունը Հյուսիսային Կորեային առաջարկել է հուլիսի 21-ին Փանմունջի սահմանային կետում բանակցություններ վարել պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Կորեական թերակղզում լարվածության նվազեցման ուղիների քննարկման նպատակով: Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը: Հարավկորեական կողմը հանդես է եկել նաևօգոստոսի 1-ին Կարմիր խաչի գծով կոնսուլտացիաներ կազմակերպել այդ նույն վայրում: Վերջին անգամ Սեուլը և Փխենյանը միջկառավարական բանակցություններ են վարել 2015 թվականի վերջին: Ավելի վաղ նշվել է, որ այդ պլանի մշակմանը միավորման նախարարության, մի քանի գերատեսչությունների և զինվորականների ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան, Սեուլի կարծիքով, դրականորեն է արձագանքել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի ելույթին: Հուլիսի 6-ին Բեռլինում նա հանդես է եկել սահմանի մոտ ռազմական գործողությունների փոխադարձ դադարեցման առաջարկությամբ՝ Զինադադարի շուրջը համաձայնագրի հերթական տարեդարձի առթիվ, որն ստորագրվել է 1953 թվականի հուլիսի 27-ին: Այդ ժամանակ էլ Հարավային Կորեայի ղեկավարն առաջարկել է անցկացնել բաժանված ընտանքների հանդիպումներ:

1in.am
17-07-2017 00:00