ՄԻՊ աշխատակազմը շրջանառության է ներկայացրել Հայաստանում զինծառայողների իրավունքները երաշխավորող օրենսդրական նախագծեր

18-07-2017 00:09

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից: Փաթեթում տեղ են գտել հետևյալ հիմնական առաջարկները. նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, բացառել, հստակ ամրագրել կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու կամ հայտարարելու պարտադիր պահանջ: Սահմանել այն որոշումների տեսակները, որոնք կարող են ընդունվել վերադաս հրամանատարի կողմից՝ կարգապահական տույժ տալու մասին որոշումը զինծառայողի կողմից բողոքարկելու արդյունքում, բացառել զինծառայողի նկատմամբ «օրվա արտահերթ վերակարգի» կիրառումը՝ որպես կարգապահական տույժ, օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել, որ ծառայողական քննությանը մասնակցելու պահից զինծառայողն իրավունք ունի գրավոր ծանոթանալու իր իրավունքներին և պարտականություններին, հստակեցնել զինծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցնելու, կասեցնելու, քննությունը վերսկսելու հիմքերը և ընթացակարգը, բացառել վարժական հավաքներից խուսափելու համար միաժամանակ և՛ քրեական, և՛ վարչական պատասխանատվության ենթարկելը, հստակ սահմանել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի բժշկական ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների որոշումներին (եզրակացություններին) վերաբերող պահանջները և դրանցում պարտադիր ներառվող տեղեկությունների շրջանակը, օրենսդրությամբ ամրագրել այն դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության անցնող նորակոչիկը, իր ցանկությամբ, կարող է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս: Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմիններ և իրավապաշտպան կազմակերպություններ՝ կարծիքի:   Լուսանկարը՝  Photolure-ի

1in.am
18-07-2017 00:09