Կայացել է «Երևանյան դրիֆթինգ» ավտո-մոտո շոուն

18-07-2017 17:57

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարակից հրապարակում անց է կացվել արդեն ավանդույթ դարձած «Երևանյան դրիֆթինգ» ավտո-մոտո շոուն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միջոցառման ընթացքում տարբեր մակնիշի հզորացված և վերափոխված մեքենաներն ու մոտոցիկլետները ցուցադրել են դրիֆթինգի ամենահետաքրքիր և գեղեցիկ համարները: Այս դիտարժան շոուի ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել նաև անմիջականորեն ծանոթանալու մեքենաների և մոտոցիկլետների հնարավորություններին՝ ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները նրանց հզորությունների և մյուս հատկանիշների մասին: «Երևանյան դրիֆթինգ» մրցույթի հաղթողներն արժանացել են գավաթների և միջոցառման հովանավորների կողմից նվերների:

1in.am
18-07-2017 17:57