Բակո Սահակյանը՝ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման խորհրդանիշ

19-07-2017 08:48

Մի քանի ժամից ԼՂՀ խորհրդարանի հատուկ նիստը կընտրի անցումային շրջանի նախագահ: Եթե դուրս գանք սահմանադրական տերմինների խուճուճ ձևակերպումներից, ապա երեք տարով երկարաձգվելու է գործող նախագահ Բակո Սահակյանի իշխանությունը: Արդեն այն հանգամանքը, որ Բակո Սահակյանը ղեկավարելու է նախագահական երկու ժամկետից ավելի, հակասում է աշխարհում ընդունված ժողովրդավարական նորմերին: Առավել բացասական է այն փաստը, որ Բակո Սահակյանի իշխանության երկարաձգմանը ծառայեց սահմանադրական ռեֆորմը՝ այսպիսով արժեզրկելով համակարգային բարեփոխում կոչվածը: Ընդ որում, Սահակյանը գերադասեց իր իշխանությունը երկարաձգել ոչ թե ժողովրդի մանդատով, այլ խորհրդարանի ավելի կանխատեսելի քվեարկությամբ: Մյուս կողմից՝ Սահակյանի թեկնածության առաջադրումն ու այդ գործընթացի հանդեպ Արցախում քաղաքական և հանրային հակազդեցության բացակայությունը հուշում են, որ ԼՂՀ-ում, ըստ էության, բացակայում են քաղաքական համակարգն ու քաղաքացիական հասարակությունը, և միանգամայն կանխատեսելի էին լինելու նույնիսկ համաժողովրդական քվեարկության արդյունքները: ԼՂՀ միակ ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցությունը և նրա միակ պատգամավորը խորհրդարանում բավականին համեստ նշաձող սահմանեցին՝ ակնկալելով գոնե, որ Բակո Սահակյանը հրապարակավ հայտարարի, թե անցումային փուլից հետո, այսինքն՝ 2020թ.-ին, այլևս չի առաջադրվելու ԼՂՀ նախագահի պաշտոնում: Նույնիսկ այս հայտարարությունը չհնչեց, որովհետև Արցախի իշխանության հարցն, ըստ էության, որոշվում է ոչ թե Ստեփանակերտում, այլ Երևանում: Բացի այդ, հիմա Արցախում փորձարկվում է մի մոդել, որն, ըստ ամենայնի, կիրառվելու է նաև Հայաստանում: Խոսքը գործող համակարգի իշխանության վերարտադրության մասին է: Այն, ինչ այսօր կատարվելու է Ստեփանակերտում, Սերժ Սարգսյանի համակարգի վերարտադրության նախաբանն է կամ գլխավոր փորձը, շնորհանդեսը, որովհետև Արցախի իշխանությունն, ըստ էության, հայաստանյան համակարգի մինի մոդելն է, ավելի ստույգ՝ դրա բաղկացուցիչը: Ցավալի է, որ ազգային պայքարի խորհրդանիշ համարվող Արցախը երկրորդ անգամ ծառայեցվում է հայկական քաղաքական ավտորիտար մշակույթի ձևավորման արատավոր գործընթացին: ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահի պաշտոնում դարձավ հայկական քրեաօլիգարխիկ համակարգի «կնքահայրը»: Երրորդ նախագահ Բակո Սահակյանն այսօր վերածվում է նույն այդ համակարգի իշխանության երկարաձգման սիմվոլի:

1in.am
19-07-2017 08:48