Պատմությունը մնաց կիսատ. Ակումբային ֆուտբոլի եւ մարզադաշտի պերճանքն ու թշվառությունը

19-07-2017 11:32

Նախօրեին Երեւանի Հանրապետական մարզադաշտում սպասվում էր հայկական ֆուտբոլի համար պատմական իրադարձություն, երբ Հայաստանի ակումբային չեմպիոնը կարող էր հաղթահարել Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլն ու անցնել երրորդ փուլ: Դա կլիներ աննախադեպ հայկական ֆուտբոլի անկախության շրջանի պատմության համար, այսինքն կկերտվեր գուցե ոչ մեծ նշանակություն ունեցող, սակայն կարեւոր պատմություն: Հավակնորդը Երեւանի Ալաշկերտ ակումբն էր, որը Հայաստանի կրկնակի չեմպիոն է եւ վերջին երկու տարիներին է նվաճել այդ տիտղոսները: Ալաշկերտը հաղթահարել էր առաջին փուլի արգելքը, անցնելով Անդորրայի Սանտա Կոլոմա թիմին: Ընդ որում, նախորդ տարի Ալաշկերտը նույնպես առաջին փուլում հաղթահարել էր այդ թիմի արգելը: Երկրորդ փուլում Ալաշկերտը նախորդ տարի չկարողացավ անցնել Թբիլիսիի Դինամոյին: Այս տարի որակավորման երկրորդ փուլում Ալաշկերտի մրցակիցը բելառուսական ԲԱՏԷ-ն էր, որը Չեմպիոնների Լիգայի անգամ խմբային մրցաշար անցած թիմ է եւ կարողացել է միավորներ վաստակել անգամ եվրոպական հեղինակավոր թիմերի հետ խաղում: ԲԱՏԷ-ի հետ առաջին խաղում Ալաշկերտը անսպասելի ոչ-ոքի արձանագրեց՝ 1:1: Թիմը պարտվում էր, սակայն երկրորդ խաղակեսում բելառուսցիների ինքնագոլի շնորհիվ կարողացավ խաղն ավարտել ոչ-ոքի: Այդ հաշիվը տվեց երեւանյան խաղի հետ կապված մեծ հույս, որ Ալաշկերտը կկարողանա անցնել արգելքը եւ հաղթահարել որակավորման երկրորդ փուլը, ինչը մինչ այդ չի արել որեւէ հայկական թիմ: Սակայն, թեեւ երեւանյան խաղը Ալաշկերտը սկսեց գոլով, սկսեց ակտիվ, բավական ագրեսիվ եւ դիտարժան, ունեցավ այլ գոլային պահեր, այդուհանդերձ իր խփած գոլից հետ աստիճանաբար զիջեց նախաձեռնությունը, ուշադրությունը, գուցե սկսեց ինչ որ չափով հոգնել, իսկ երբ ԲԱՏԷ-ն խփեց պատասխան գնդակը, Ալաշկերտի խաղը այսպես ասած «կորավ»: ԲԱՏԷ-ն բավական հանգիստ, առանց լարվելու խփեց եւս երկու գոլ՝ մեկը առաջին խաղակեսում, մյուսը խաղի վերջնամասում, եւ ակնհայտորեն բարձր կարգի շնորհիվ հաղթեց 3:1 հաշվով: Պատմությունը չկերտվեց, հայկական ֆուտբոլում եղավ նույն պատմությունը: Հայկական ակումբային ֆուտբոլը դոփում է տեղում, թեեւ թվում է, որ ինչ որ գործարարներ ինչ որ փողեր են ներդնում: Իհարկե խնդիրը լոկ փողը չէ, այլ այն, թե ինչ ռազմավարությամբ է կառավարվում ներդրումը, եւ ընդհանրապես ինչպիսին է ֆուտբոլային տնտեսության ռազմավարությունը Հայաստանում: Քրեաօլիգարխիկ կառավարման համակարգի բաղկացուցիչ հանդիսացող սպորտն ու ֆուտբոլը հազիվ թե ունենան ռազմավարական զարգացման միտում, եթե համակարգն ինքնին այդ միտումը չի կարող ունենալ: Հայաստանն այդ առումով չի կարող համեմատվել անգամ հետխորհրդային հանրապետությունների հետ: Ուշագրավ է, որ Հայաստանի վերջին երկու տարիների չեմպիոնն օրինակ որակավորման երկրորդ փուլում երկրորդ տարին անընդմեջ զիջում է հենց հետխորհրդային հանրապետությունների թիմերի՝ Դինամո Թբիլիսի, ԲԱՏԷ Բելառուս: Ընդ որում, զիջում է ոչ միայն հաշվով, այլ գործնականում բոլոր պարամետրերով: Այստեղ իհարկե խնդիրները ունեն թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ պատճառներ, սակայն իրավիճակն ընդհանուր առմամբ պահանջում է քննարկումների եւ բանավեճերի միջավայր՝ մասնագիտական, կոմպետենտ միջավայր, որտեղ կարող են ձեւավորվել թե որակյալ ընդդիմախոսություն, թե նաեւ դրանից բխող գաղափարներ եւ լուծումներ: Հուլիսի 18-ին Հանրապետական մարզադաշտում ֆուտբոլային երեկոն, սպասվող աննախադեպ հաջողության առիթով արժանացել էր բավական մեծ թվով ֆուտբոլասերների ուշադրության եւ մարզադաշտը լցվել էր գրեթե ամբողջությամբ, ինչը աննախադեպ էր հայկական ակումբային ֆուտբոլի համար: Մարզադաշտը այդպես լցվում է սովորաբար հավաքականի խաղերին: Մարզասերներն իհարկե հեռացան գուցե հիասթափված, թեեւ խոշոր հաշվով տեղի ունեցածը պարզապես ֆուտբոլային օրինաչափություն էր: Սակայն, մարզասերները ոչ միայն հիասթափված հեռացան, այլ նրանցից շատերը հիասթափվեցին գուցե հենց ամենասկզբից, երբ մտնում էին մարզադաշտ եւ փորձում տեղավորվել: Խոսքը Հանրապետական մարզադաշտի նստատեղերի պարզապես կեղտի եւ փոշու մասին է, որը թողնում էր ոչ թե հանդիսատեսի սպասող մարզական օբյեկտի, այլ պարզապես շինհրապարակի նստարանի տպավորություն, համենայն դեպս զգալի հատվածներում: Անկասկած էր, որ առաջին խաղի արդյունքը մեծ հետաքրքրություն էր առաջացնելու եւ ամենայն հավանականությամբ բերելու էր պատասխան խաղում մարզասերների հոսքի: Հետեւաբար թե Աշալկերտ ակումբի ղեկավարությունը, թե Հանրապետական մարզադաշտի տնօրինությունը թերեւս պետք է հոգ տանեին, որ մարզասերներին ստադիոնում դիմավորեին գոնե մաքուր նստատեղեր: Թեեւ, ամենեւին կարեւոր չէ, թե քանի մարզասեր է գալիս խաղադաշտ, որովհետեւ կազմակերպիչները պետք է հարգեն յուրաքանչյուրին անհատապես, եթե գա նույնիսկ ընդամենը մեկ մարզասեր:

Lragir.am
19-07-2017 11:32