Կիպրոսի շուրջ բանակցությունների անհաջողությունը բոլոր մասնակիցների ձախողումն է. ՄԱԿ

19-07-2017 11:35

Շվեյցարիայի Կրան Մոնտանա քաղաքում Կիպրոսի շուրջ խորհրդաժողովի ապարդյուն ավարտը, ինչի հետ մեծ հույսեր էին կապում, բանակցությունների բոլոր մասնակիցների ձախողումն է, ոչ թե կողմերից մեկի մեղքը: Այս մասին լրագրողներին հայտնել է Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեն, որը մասնակցել է Անվտանգության խորհրդի դռնփակ հանդիպմանը: «Այժմ ժամանակը չէ մեղադրելու միմյանց, առանց այն էլ դա բավական է,- ասել է նա:- Մենք պետք է խոստովանենք, որ Կրան Մոնտանայում գործարք կնքելու անընդունակությունը կոլեկտիվ ձախողում է»: Էյդեն հույս է հայտնել, որ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը և թուրքական համայնքի ղեկավար Մուստաֆա Աքինջին «հապճեպ եզրակացություններ չեն անի և լրջորեն կխորհեն, թե ինչ կարելի է անել այժմ, երբ Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը ձախողվեց»: Նրա խոսքով՝ հաշվի առնելով կղզու և նրա շուրջ ստեղծված իրադրությունը՝ չափազանց կարևոր է, որ նրանք մտածեն, թե ինչպես հասնեն ըմբռնման և փոխզիջման, ոչ թե տարաձայնությունների սաստկացման:

1in.am
19-07-2017 11:35