Լավ չեմ նայում էդ հարցին. Անդրանիկ Կարապետյանը՝ Վոլոդինի առաջարկի մասին

19-07-2017 16:30

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: – Մի քանի օր է՝ քննարկվում է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը՝ Հայաստանում պաշտոնական կարգավիճակ տալ ռուսերենին, որ Հայաստանի վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում: Սա Ձեզ չի՞ մտահոգում, և առհասարակ՝ ինչպե՞ս եք գնահատում Պետդումայի այս որոշումը: – Ճիշտն ասած, լավ չեմ նայում էդ հարցին, քանի որ մենք ԵԱՏՄ-ի շրջանակներում  պայմանավորվածություններ ունենք, մասնավորապես այն, որ ազատ գոտի է ստեղծվում ապրանքների, ծառայությունների և այլն, և այլն: Այս պարագայում, եթե նախապայման է դրվում, իմ կարծիքով՝ այստեղ արդեն իրավաբանության խնդիր է   դրվում, և կարող եմ ասել, որ ճիշտ չեմ համարում: – Դատապարտո՞ւմ եք: – Եկեք անունը չդնենք դատապարտել, ուղղակի կարծում եմ, որ այս հարցը վերանայելու կարիք ունի, այդքան բան: Պետք է կամ միջխորհրդարանական, կամ միջկառավարական հանձնաժողով ստեղծել և այս հարցին ավելի ճիշտ մոտենալ: – Հնարավո՞ր է՝ Դուք  էլ միանաք «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն առաջարկին, որ  ընդհանրապես Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու գործընթաց պետք է սկսի։   – Ես չեմ կարծում, որ նպատակահարմար է  ԵԱՏՄ  կազմից Հայաստանի դուրս գալու հարցը դրվի: Ես համաձայն չեմ դրա հետ, պարզապես քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և պետք է աշխատենք, որ մենք մեր շահերը կարողանանք առաջ տանել: – Ձեր խմբակցությունը որևէ կերպ չի արձագանքել Վոլոդինի այս առաջարկին: Ինչո՞ւ: – Ազգային ժողովը արձակուրդի մեջ է, այս հարցերը չենք քննարկել խմբակցությունում, և դրա համար չեմ կարող պատասխանել: – Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Ռուսաստանը հիմա լեզվի հետ կապված նման խնդիր առաջ քաշեց: – Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ դա Վոլոդինի անձնակա՞ն կարծիքն է եղել, պահի տակ հումո՞ր է արել. ես այդ հարցերին լիարժեք չեմ տիրապետում և չգիտեմ՝ այնտեղ ինչ խոսակցություն է եղել, ոնց է եղել, պաշտոնակա՞ն է նա հայտարարել, թե՞ ընդամենը միջանձնյա  խոսակցության արդյունքում է դա տեղի ունեցել: Այդ ամենը քննարկման հարց է. ես միանգամից գնահատական տամ՝ դա էլ ճիշտ չէ: – Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում մեր և Ռուսաստանի հարաբերությունները: Տեսակետ կա, որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես գաղութ, ոչ թե որպես ինքնիշխան պետություն: – Կարծում եմ, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է ավելի խորացնենք թե՛ տնտեսական և թե՛ ռազմական ոլորտներում: Եվ այսպիսի փոքր միջադեպերը… սրանք  վերջնական լուծումներ և տարբերակներ չեն: Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում վիրավորված մարդու կեցվածք ընդունելն էլ ճիշտ չէ: Մենք պարտավոր ենք փոխադարձ ավելի ամուր կապ, հարաբերություններ ստեղծել, քանի որ  այս պահին մեզ համար ստրատեգիկ առումով կարծում եմ, որ ճիշտ է: – Իսկ չե՞ք տեսնում, թե ինչպես է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Բաքվին: Բոլորովին վերջերս նոր խմբաքանակ վաճառեց Բաքվին: Ձեզ դա չի՞ մտահոգում: – Որպես քաղաքացի՝ ես ունեմ իմ  կարծիքը, բայց նպատակահարմար չեմ համարում այս պահին արտահայտվել, բայց որպես քաղաքական գործիչ և պատգամավոր՝ կասեմ, որ այս խնդիրը լուրջ վերանայման կարիք ունի:   Լուսանկարը՝  ArmLur.am-ի

1in.am
19-07-2017 16:30