Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին

21-07-2017 15:50

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռամ Նաթ Քովինդին Հնդկաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և երջանկություն: «Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում բարեկամ Հնդկաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային և միջազգային կայունության ու խաղաղության հաստատման գործում: Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ պատմական խոր արմատներ ունեցող հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը և շարունակական ամրապնդումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի հայ-հնդկական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,-ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

1in.am
21-07-2017 15:50