2017 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին Ավստրիայում օրգանական սննդամթերքի առաջատար SONNENTOR ընկերության հիմնադիր Յոհաննես Գութմաննը ներկայացրեց իր կազմակերպության հաջողության գաղտնիքը: Միջոցառումը տեղի ունեցավ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Միջոցառման նպատակն էր լայն հասարակությանը ներկայացնել օրգանական մթերք արտադրելու և վաճառելու հնարավորությունները, մարտահրավերները և բիզնեսն ավելի եկամտաբեր ու գրավիչ դարձնելու գործիքները: 1988 թվականին հիմնադրված ավստրիական ընկերությունը վաճառում է օրգանական արտադրանք և համագործակցում է 215 ֆերմերների հետ՝ ունենալով ավելի քան 400 աշխատակից: Յոհաննես Գութմաննը Երևանում կլինի 3 օր: Նրա այցի նպատակն էր բացահայտել հայկական օրգանական մթերքի ներուժը հետագա համագործակցության և արտահանման համար: Հանդիպումն իրականացվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) շրջանակներում: ՕԳԱՆ եռամյա ծրագիրը, որի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելն է, մեկնարկել է 2015թ. սեպտեմբերին: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 միլիոն եվրո: Ծրագիրը խրախուսում է հայ ֆերմերներին զբաղվել օրգանական մթերքի արտադրությամբ, ստանալ հավաստագիր, ինչպես նաև տրամադրում է մարքեթինգի անմիջական աջակցություն և ապրանքների առաջմղման համար օգնում է ստեղծել համապատասխան կապեր ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական և այլ միջազգային ընկերությունների հետ: ՕԳԱՆ ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում մրցունակ օրգանական գյուղատնտեսության փորձի ներդրմանը՝ նպաստելով գյուղական համայնքների կայուն զարգացմանը: