Արտաքին մեծ ճնշում կար. ՀԲՖ-ի գլխավոր քարտուղարը՝ Հայաստան-Ադրբեջան հանդիպման մասին

22-07-2017 13:41

Ռումինիայի Օրադեա քաղաքում ավարտված բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը, չկարողանալով հաղթահարել ենթախմբային արգելքը, այժմ պայքարում է 17-րդ հորիզոնականի համար: Վերջին խաղում մեր բասկետբոլիստները լարված և դրամատիկ պայքարում 82:80 հաշվով առավելության հասան Ադրբեջանի հավաքականի նկատմամբ: Ռումինիայում մեր հավաքականի մրցելույթի, ինչպես նաև Ադրբեջանի հետ սկզբունքային հանդիպման վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ, ով գտնվում է մրցավայրում: – Ինչպե՞ս կգնահատեք մեր հավաքականի ելույթը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում: – Հավաքականի ելույթները կարելի է բավարար գնահատել: Այդ մասին վերջնական կարելի է խոսել վաղվա խաղից հետո: Խաղալու ենք վերջին խաղը՝ Մալթա-Իռլանդիա զույգի հաղթողի հետ: Մենք ավելին էինք սպասում այս տարի, այս հավաքականից, բայց պետք է նշեմ, որ ենթախումբը բավական ուժեղ էր իր կազմով, երևի թե ամենաուժեղը առաջնությունում: Չնայած հաղթեցինք առաջատար Լեհաստանին, բայց դա բավարար չէր խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար: Նշեմ, որ մենք երրորդ տարին անընդմեջ մասնակցում ենք Բ դիվիզիոնի առաջնությանը, բայց դեռ լուրջ անելիքներ ունենք: Մեծ փորձ է հարկավոր այստեղ հաջող խաղալու համար: Միայն ուժեղ կազմը բավարար չէ ցանկալի արդյունքի հասնելու համար: Կարծում եմ՝ ներկայիս կազմով մենք պետք է տեղ զբաղեցնեինք լավագույն տասնյակում, սակայն ևս մեկ անգամ նշեմ, որ միայն ուժեղ կազմը բավարար չէ: Երրորդ տարին անընդմեջ մասնակցելով Բ դիվիզիոնի առաջնությանը, որը համալրված է բավական ուժեղ հավաքականներով, Հայաստանը հանդիպումների մոտ կեսը հաղթել է: Սա բավական բարձր ցուցանիշ է: Վերջին երեք տարվա կտրվածքով Հայաստանն իր վարկանիշով Եվրոպայի լավագույն 30 հավաքականների շարքում է: – Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշել էր, որ Ադրբեջանի հետ խաղում մեր խաղացողների մոտ լարվածություն է նկատվել: Ինչո՞վ էր դա պայմանավորված: – Լարվածությունն իրոք շատ մեծ էր, քանզի բոլորս էինք գիտակցում, որ սա սովորական հանդիպում չէ: Որքան էլ փորձում էինք խաղացողներին հասկացնել, որ կենտրոնանան զուտ խաղի վրա, միևնույն է՝ արտաքին մեծ ճնշում կար: Նույնիսկ մասնակից հավաքականները ուշադրությունը կենտրոնացրել էին Հայաստան-Ադրբեջան հանդիպման վրա: Հյուրանոցում բոլորը մոտենում էին և հետաքրքրվում այդ խաղով՝ մոռանալով քառորդ եզրափակչի և կարևոր այլ մրցավեճերի մասին: Շատերը խաղացողներին հարցնում էին՝ ի՞նչն է պատճառը, որ հայերի և ադրբեջանցիների միջև լարված իրավիճակ է: Այս ամենը իր ազդեցությունը չէր կարող չունենալ, մանավանդ որ՝ խաղացողները երիտասարդ են, կան նույնիսկ 18 տարեկան տղաներ: Սկզբունքային խաղ էր, մենք կարգով ավելի բարձր էինք, պետք է ավելի հանգիստ հաղթեինք, բայց խաղի ընթացքը շատ վատ դասավորվեց, քանզի մեր կենտրոնականին՝ Սթիվեն Էնոչին, տուգանքներ տվեցին, և հանդիպման կեսը նա փաստորեն չխաղաց: Բացի Էնոչից՝ մենք այլ կենտրոնական չունենք, և առանց նրա շատ բարդ էր կառուցել խաղը: Հավաքականի բոլոր տղաները գիտակցում էին խաղի կարևորությունը: Նույնիսկ Էնոչը, ով ազգությամբ հայ չէ, գիտակցում էր խաղի կարևորությունը և հորդորում էր տղաներին անպայման հաղթել: Չեմ ուզում շատ կենտրոնանալ Ադրբեջանի հետ խաղի վրա, քանզի մեր նպատակն է զարգացնել բասկետբոլը, որպեսզի մեր հավաքականներն առաջընթաց ապրեն: Այո, այդ խաղի մասով արդարացրինք մարզասերների սպասելիքները, բայց դա չի նշանակում, որ Եվրոպայի առաջնությունում գերազանց ելույթ ենք ունեցել: – Մեր հաղթանակից հետո ինչպիսի՞ն էր Ադրբեջանի արձագանքը: – Խաղից առաջ ՖԻԲԱ-ի ներկայացուցիչները մրցող կողմերին ժողովի էին հրավիրել, և պայմանավորվեցինք, որ հանդիպումն անցնի հանգիստ՝ առանց միջադեպերի: Հանդիպումը անցավ նորմալ, լարվածությունը չանցավ սահմանները: Խաղից հետո միմյանց ձեռք սեղմեցինք: Նշեմ, որ առաջնության կազմակերպիչները անվտանգության լուրջ միջոցներ էին ձեռնարկել: Եթե սովորական հանդիպումներին մարզադահլիճում ներկա էին գտնվում 3-4 ոստիկաններ, ապա Հայաստան-Ադրբեջան հանդիպմանը մարզադահլիճ էին բերվել երկու ավտոբուս անվտանգության աշխատակիցներ:

1in.am
22-07-2017 13:41