ԱՄՆ հանձնակատարն ուղևորվել է Իսրայել լարվածության թուլացման նպատակով

24-07-2017 10:30

Միջազգային բանակցություններում ԱՄՆ վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը հուլիսի 23-ին ուղևորվել է Իսրայել՝ Երուսաղեմի իրադարձությունների պատճառով առաջացած լարվածության թուլացման նպատակով: Այս մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը: ԱՄՆ վարչակազմի աղբյուրներից հեռուստաալիքի տեղեկություններով՝ Վաշինգտոնն ակտիվացրել է կոնսուլտացիաներն Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի հետ: Ամերիկյան կողմից դրանցում հանգուցային դեր են խաղում Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները, ինչպես նաև Գրինբլաթը և Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը: CNN-ի տեղեկություններով՝ Քուշները հուլիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, իսկ հուլսի 20-ին՝ Պաղեստինի Պետության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Երկու դեպքում էլ քննարկման գլխավոր թեման եղել է լարվածության թուլացումը: Հիշեցնենք. հուլիսի 16-ին ավելի վաղ հոդանանցի դեռահասը ներթափանցել Է Ամմանում Իսրայելի դեսպանատուն և դանակով հարձակվել դեսպանության աշխատակիցներից մեկի վրա: 17-ամյա տեղացի բնակիչը դանակով հարված է հասցրել իսրայելացու կրծքին, ինչից հետո գնդակահարվել է պահապան զինվորների կողմից: Հուլիսի 22-ին մի քանի հարյուր մահմեդականներ երեկոյան աղոթք են արել Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի պատերի տակ՝ իններորդ օրը շարունակ հրաժարվելով անցնել դրա շեմքից ներս՝ ի նշան բողոքի անցումների մոտ մետաղադետեկտորների շրջանակներ տեղակայելու դեմ: Իսրայելի իշխանությունների կողմից Հին քաղաքում անվտանգության լրացուցիչ միջոցների սահմանումը հետևել է հուլիսի 14-ին ոստիկանական պարեկախմբի վրա զինված հարձակմանը: Դրա հետևանքով զոհվել են երկու իսրայելացիներ, ևս մեկը վիրավորվել է:

1in.am
24-07-2017 10:30