Ավստրալիան հայտարարել է ինքնաթիռում ահաբեկչության կանխման մասին

30-07-2017 09:20

Ավստրալիայում հակաահաբեկչական ոստիկանությունը դավադրություն է բացահայտել, որի մասնակիցները մտադիր են եղել ինքնաթիռ ոչնչացնել: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով այդ երկրի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին: «Կարող եմ հայտնել, որ այսօր մեծ համատեղ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել ահաբեկիչների դավադրությունը կանխելու համար, որի նպատակն էր ինքնաթիռի կործանում»,- հայտարարել է նա: Ավստրալիայի բոլոր օդանավակայաններում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել: Հաղորդվում է, որ Սիդնեյում խուզարկությունների ընթացքում 4 կասկածյալ է ձերբակալվել: Ավստրալիայի դաշնային ոստիկանության կոմիսար Էնդրյու Քոլվինը հայտնել է, որ ձերբակալվածները ենթադրաբար կապված են եղել իսլամիստական դավադրությամբ, մտադիր են եղել ինքնաշեն պայթուցիկ սարք գործարկել: Նա նշել է, որ ոստիկանությանը հայտնի չեն ծրագրվող հարձակման մանրամասները, և ամենայն հավանականությամբ, հետաքննությունը երկար կտևի: ABC-ն հայտնում է, որ կինը Սիդնեյի արվարձանից, ում ամուսնուն և որդուն ձերբակալել են, հերքում է, որ նրանք կարող էին մասնակից լինել ահաբեկչության:

1in.am
30-07-2017 09:20