Սկսել է զենքով «արդարադատություն» հաստատելու ժամանակը

Երեկ երկու սպանություն է կատարվել Սեւանում: Մի երիտասարդ ընկերների հետ ծեծելով սպանել է Միրաժ հանգստյան գոտու սեփականատիրոջը, որից հետո սպանվածի որդին հրազենով սպանել է այդ երիտասարդին: Վերջին շրջանում քրեական լրատվությունը դարձել է հայկական ԶԼՄ-ների հիմնական թեման: Քրեական միջադեպերը հաճախացել են ու ավելի ու ավելի արյունոտ դրսեւորումներ ստացել: Ինչն է հատկանշական՝ այդ դեպքերից շատերը ինքնադատաստան են. Մարդիկ զենք են վերցնում եւ իրականացնում իրենց «արդարադատությունը»: Ավելորդ է ասել, թե որոնք են դրա պատճառները: Հայաստանում չկա արդարադատություն կամ գործում է ընտրովի, եւ այդ համակարգի ծայրաստիճան կոռումպացվածությանն ու հեղինակազրկմանն ուղիղ համեմատական աճում է ինքնադատաստանի վիճակագրությունը: Բացի այդ, Հայաստանում իշխող համակարգը ձեւավորվում է քրեական հիմքով, ընդգրկելով բոլոր ոլորտներում քրեական պայմանավորվածությունների ողջ սպեկտրը: Պետական համակարգը ծառայում է այդ պայմանավորվածություններին, իսկ Սահմանադրությունն ու օրենքներն ուղղված են հանրության դեմ՝ նրա իրավունքները սահմանափակելու համար: Իշխանությունն այսպիսով իր հիմքով ու մեթոդոլոգիայով խրախուսում է բռնության մթնոլորտը երկրում, ինչն էլ աստիճանաբար իջնում ու տարածվում է հանրային տարբեր շերտերում: Մարդիկ գալիս են ինքնադատաստանի գիտակցությանը, ինչն ունենալու է անկանխատեսելի հետեւանքներ: Իշխանությունը մինչ այժմ պահում էր բռնության մենաշնորհը, բայց երեւում է ամեն ինչ երկսայր է, եւ ի վերջո այդ բռնությունը շրջվելու է իր դեմ: Առայժմ այն ունի «կենցաղային» դրսեւորում, իշխանությունն ինքն էլ իր խողովակներով փորձում է ընդգծել այդ հանգամանքը, սակայն դա երկար չի կարող շարունակվել. Խնդիրն այն է, որ երկրում ցանկացած բռնություն խորքային առումով սնվում է այն բարքերից ու հարաբերությունների բնույթից, որի «օրենսդիրն» իշխանությունն է: Մյուս կողմից, երեւում է Հայաստանն անխուսափելիորեն պետք է անցներ այս ճանապարհով, եւ դա «օրենքի» հաստատման ճանապարհներից մեկն է: Պետք է ենթադրել, որ այս իրավիճակը շարունակվելու է եւ ավելի լուրջ դրսեւորումներ է ունենալու, նախքան երկրում կգործեն Սահմանադրությունն ու օրենքները:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
31-07-2017 09:09