Հալեպի Baron հյուրանոցը, որը հիմնադրվել է հայ ընտանիքի կողմից 1911 թվականին, արդեն ավելի քան 5 տարի է՝ չի գործում։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ պատմելով հայկական հյուրանոցի ճակատագրի մասին, որը ժամանակին համարվել է Մերձավոր Արևելքի ամենաեվրոպական անկյունը։ «Հյուրանոցում ապրել են ամենահայտնի ճանապարհորդները, գրողները, թագավորներն ու տարբեր երկրների նախագահները։ Մի քանի տարի առաջ Baron-ը, որը գտնվում է Հալեպի արևմուտքում՝ առաջնագծի մոտ, խոցվել էր ականանետերով»,-գրում է պարբերականը։ Նշվում է, որ ռազմական գործողությունների ժամանակ հայկական հյուրանոցը դարձել էր ապաստարան Հալեպի արևելյան շրջանների շատ բնակիչների համար։ Այժմ հարուստ պատմությամբ ամենահայտնի վայրերից մեկը հանդիսանում է լոկ հիշողություն Սիրիայում խաղաղ ժամանակների մասին, հրապարակման ավարտին նշում է Reuters-ը։